![IMG_8245[1]](https://www.aravot.am/wp-content/uploads/2012/06/IMG_82451-300x225.jpg)
Նա անդրադարձավ նաեւ «Հարսնաքարի» միջադեպին՝ նշելով. «Պետք չէ զարմանալ, որ «Հարսնաքարի» հրեշավոր դեպքերից հետո քաղաքացիական հասարակությունը չի պատրաստվում դուրս գալ փողոց՝ քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ Վարդգես Գասպարիին թողնելով մեն-մենության մեջ»: Ըստ Նիկոլ Փաշինյանի` մարդիկ վախենում են դուրս գալ, որովհետեւ գիտեն, թե ինչ խնդիրներ են ունենում նրանց դեմ ելնողերը. «Հիմա սերժանտական իրավապահները կփորձեն բթացնել հանրային զգոնությունը եւ հարմար պահի ազատ կարձակեն մարդասպաններին: Այն ուժը, որ կարող է թույլ չտալ նման բաներ՝ ՀԱԿ-ն է, որ կանգնած է այսօր Ազատության հրապարակում: Անպատիժ մնացած հանցագործությունները ծնում են նոր հանցագործություններ»:
Լեւոն Զուրաբյանն էլ արձանագրել է, որ վարչապետը կայուն ընկճախտ է ապրում՝ ԱԺ-ում իրենց հարցադրումներից հետո. «Այսօրվա իշխանավորները գունատվում են եւ կարկամում են, որովհետեւ գիտեն, որ մեր ետեւում կանգնած է ժողովուրդը: Իրենք մեզանից լավ գիտեն, թե քանի ձայն են կեղծել»: Նա ասաց, որ լինելու են Ազատության հրապարակի ներկայացուցիչները խորհրդարանում: Նա, հիշեցնելով, թե ինչ ասաց Հովիկ Աբրահամյանը` «կարծում էինք այս ամբիոնը կօգտագործեք, բայց դուք նորից հանրահավաքներ եք անում», Զուրաբյանն ասաց. «Սերժ Սարգսյանի ռեժիմը մի պարզ բան չի հասկանում՝ մեզ համար միակ արժեքավոր ամբիոնը ժողովրդի ամբիոնն է»: Ըստ նրա, անելիքները շատ են` առջեւում նախագահական ընտրություններն են, որոնք վճռորոշ են լինելու այս ավազակապետության դեմ պայքարում: Լեւոն Զուրաբյանի գիտի, որ կգտնվեն սկեպտիկներ, որոնք կասեն, որ նույն ձեւով կկեղծվեն նաեւ այս ընտրությունները: Բայց նախագահական ընտրություններում մարդիկ ավելի քիչ են հակված գործարքի գնալ կամ գայթակղվել նյութականով: Ուստի քաղաքական պայքարը, ըստ Զուրաբյանի, շատ ավելի թեժ է լինելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև


















































