
Սակայն հանձնաժողովն արագ ձևավորվեց, որից հետո, չափազանց կարևորելով վերջինիս գործունեությունը, նրա անդամների հետ հանդիպում ունեցավ հանրապետության նախագահը: «Հանձնաժողովի ձևավորման և գործունեության հետ կապված հարցերն այսուհետև բնականաբար լինելու են հանրային հատուկ ուշադրության օբյեկտ»,- հանդիպման ժամանակ ասաց նախագահը:
Ահավասիկ անցել է գրեթե կես տարի` երկար մի ժամանակահատված, որպեսզի հանրությունը կարողանար տեսնել ու գնահատել վերոհիշյալ հանձնաժողովի գործունեության գոնե առաջին քայլերը, էլ չենք ասում` պտուղները: Սակայն կազմավորվելուց հետո հանձնաժողովն այնպես բարեհաջող կերպով անցավ ընդհատակ, այնպես սահուն կերպով կարողացավ չլինել «հանրային հատուկ ուշադրության օբյեկտ», որ նույնիսկ լրատվամիջոցները կարճ ժամանակ անց մեկընդմիշտ և անդառնալիորեն մոռացան նրա մասին: Հասարակությունը ևս հիմնավոր մոռացավ հանձնաժողովի գոյությունը, որի պատճառով, օրինակ, Էմիլ Բաբայան անուն-ազգանունը հարյուրտոկոսանոց անհայտություն է նրա համար, մինչդեռ այդ մարդը հանձնաժողովի նախագահն է:
Նույն կերպ հանրությանն անծանոթ են բոլոր մյուս հանձնաժողովականների անունները, ինչից պետք է ենթադրել, որ հանձնաժողովը եթե ինչ-որ բան անում էլ է, ապա դա ինքնանպատակ է: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը վստահեցնում էր, թե կառույցը ստեղծվում է, որպեսզի «նպաստի պետական համակարգի նկատմամբ հանրային վստահության ավելացմանը»: Դժվար է հավատալ, թե անցած ամիսներին հայ բարձրաստիճան պաշտոնյաները որևէ առիթ չեն տվել հանձնաժողովականներին` իրենցով «զբաղվելու», հետևաբար միանգամայն անմեկնելի է էթիկայի հանձնաժողովի լռությունը: Գոնե… էթիկայի համար ձայն հանեին:
Կարդացեք նաև
«Երկիր»


















































