
Կայքի հիմնադիրները ժխտում են այն պատկերացումը, որ իբր գրականությունը «քաղաքականությունից հեռու պահելու» քաղաքականությունը իշխանության պարտադրանքն ու թելադրանքն է, և համարում են` գրականությունը չի կարող լինել «ալիբի», որ գրականությունը ոչ միայն պարտավոր է վկայել և ցուցմունք տալ իր ժամանակի մասին, այլև պատասխանատվություն է կրում իրականության ստեղծման համար:
«Գրողուցավ» կայքը «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի օժանդակությամբ հայտարարում է հասարակական, քաղաքական, մշակութային հրատապ խնդիրներ արծարծող պատմվածքի մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել միայն անտիպ պատմվածքներ (չհրապարակված գրքով, մամուլում, կայքերում, բլոգներում, սոցիալական ցանցերում): Պատմվածքները պետք է ուղարկել յունիկոդ տառատեսակով, 5000 բառի սահմանում: Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել առավելագույնը երեք պատմվածք, սակայն նույն հեղինակը չի կարող ստանալ մեկից ավելի մրցանակ։
«Ցանկալի է, որ հեղինակները ուղարկեն նաև իրենց լուսանկարները` տեքստի հետ դնելու համար:Պատմվածքները գնահատելու է պրոֆեսիոնալ ժյուրին: Ներկայացված աշխատանքներից կընտրվեն երեք լավագույնները։ Մրցանակների համար նախատեսված են հետևյալ դրամական պարգևատրումները.
Առաջին մրցանակ՝ 190 000 դրամ, երկրորդ մրցանակ՝ 110 000 դրամ, երրորդ մրցանակ՝ 80 000 դրամ»,- ասում է համահիմնադիրը:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ


















































