Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերադարձ անցյալի կարգավիճակին եւ տարածքներին երբեւիցե չի կարող լինել»

Հուլիս 10,2012 13:40

Վստահեցնում է Բակո Սահակյանը

Ինչպես հայտնի է, հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի են ունենալու ԼՂՀ նախագահի հերթական ընտրությունները: Ու չնայած տարաբնույթ սոցիոլոգիական հարցումները եւ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԼՂՀ բնակչությունը իր պետականության կառուցման եւ զարգացման այս փուլում արդեն ավելի շատ սկսում է կարեւորել երկրի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական հարցերի լուծումները, այնուհանդերձ, հասկանալի է, որ արցախյան հիմնախնդրի չլուծված լինելու պարագայում հենց այդ հարցն է առայժմ առաջնային նշանակություն պահպանում: Մեր այս հարցազրույցը ԼՂՀ գործող նախագահ եւ առաջիկա ընտրությունների նախագահի թեկնածու Բակո Սահակյանի հետ վերաբերում է հենց այս հիմնախնդրի հեռանկարներին:

– Պարոն Սահակյան, բանակցային ներկա զարգացումները, ըստ Ձեզ, ի՞նչ հեռանկարներ են կանխորոշում ղարաբաղյան հարցի լուծման համար:

– Նախ եւ առաջ նշեմ, որ մենք գնահատում ենք Մինսկի խմբի կողմից իրականացվող աշխատանքները, քանի որ համարում ենք, որ այսօրվա հարաբերական անդորրն ու խաղաղությունը նաեւ այդ խմբի եւ նրանում ներկայացված համանախագահող երկրների կատարած աշխատանքների արդյունքն է: Այստեղ ես անպայման ուզում եմ նշել նաեւ ԵԱՀԿ-ի՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի աշխատանքները, որի շնորհիվ նույնպես ապահովվում է այսօրվա հարաբերական խաղաղությունը:

Միեւնույն ժամանակ, կարծում եմ, որ վերոհիշյալ կազմակերպություններին քաջածանոթ է պաշտոնական Ստեփանակերտի այն մոտեցումը, համաձայն որի՝ բացառվում է հիմնախնդրի վերջնական լուծում առանց արցախյան կողմի մասնակցության եւ, իհարկե, համաձայնության: Համոզված եմ, որ այսօրվա բանակցային գործընթացի անգամ ներկա խախտված ձեւաչափի պարագայում մեզ այնուամենայնիվ հաջողվել է այս պարզ ու հստակ դիրքորոշումը հասցնել Մինսկի խմբի համանախագահներին եւ այլ շահագրգիռ կազմակերպությունների: Դրա վկայությունը միջնորդների կողմից ժամանակ առ ժամանակ հնչող հայտարարություններն են, որ, իրոք, դժվար կլինի միջազգային հանրության համար ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ որեւէ շոշափելի վերջնական արդյունք արձանագրել առանց ղարաբաղյան կողմի համաձայնության:

– Կարելի՞ է արձանագրել, որ ի հակառակ բոլոր հոռետեսական կանխատեսումների եւ տարաբնույթ վերլուծությունների՝ ԼՂՀ տեսակետն արցախյան խնդրի վերաբերյալ փոփոխման չի ենթարկվել:

– Ամեն ինչ շատ հստակ է եւ միանշանակ: Այսօր մեր վճռական մոտեցումը որեւէ մեկի մոտ կասկած չպետք է հարուցի: Կարեւոր է, որ մեր տեսակետը որեւէ փոփոխություն չի կրել այն առումով, որ վերադարձ 1988թ. կարգավիճակին եւ տարածքներին երբեւիցե չի կարող լինել: Դժվար է պատկերացնել որեւէ մի իրավիճակ կամ գործընթաց, որը կարող է շեղել մեզ մեր ընտրած ուղուց: Ես համոզված եմ, որ հեռու չէ այն ժամանակը, երբ ԼՂՀ-ն նորից լիիրավ մասնակցություն կունենա բանակցային գործընթացին: Այս ուղղությամբ արդեն երկար ժամանակ է, որ համապատասխան եւ նպատակաուղղված աշխատանք է իրականացվում թե՛ ԼՂՀ եւ թե՛ ՀՀ իշխանությունների կողմից:

– Դուք մի քանի անգամ հիշատակեցիք հարաբերական խաղաղության իրավիճակի մասին: Բայց, կարծես թե, վերջին շրջանում Ձեր նշած հարաբերական խաղաղությունը սկսել է ավելի հաճախակի խախտվել…

– Իհարկե, դա անժխտելի փաստ է, որ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ քաղաքականությունը, եւ դրա վառ արտահայտությունն է նաեւ այն, որ ժամանակ առ ժամանակ այդ երկիրը դիվերսիոն եւ ահաբեկչական գործողությունների է դիմում: ԼՂՀ Զինված ուժերը ամեն ինչ անում են նման գործողությունները կասեցնելու համար, եւ իմ կողմից հստակ կարգադրություն է տրված մեր երկրի համապատասխան կառույցներին՝ մեր ժողովրդի անվտանգությանը սպառնացող ցանկացած ոտնձգության դեպքում համարժեք պատասխան տալ հակառակորդին:

Ընդհանրապես վաղուց արդեն նորություն չէ, որ մեր երկրի անվտանգության եւ խաղաղ կենսագործունեության հիմնական երաշխավորը մեր պաշտպանության բանակն է: Հետեւաբար, մեր հետագա ջանքերն այսուհետ եւս պետք է նպատակաուղղված լինեն մեր բանակի մարտունակության եւ մեր անվտանգության մակարդակի հետեւողական բարձրացմանը: Մենք պետք է ստեղծենք բոլոր պայմանները, որպեսզի մեր երկրի սահմանը պաշտպանող զինվորը Հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարի հնարավորինս անվտանգ պայմաններում եւ զորացրվելուց հետո, առանց խոչընդոտների, ինտեգրվի քաղաքացիական հասարակությանը:

– Դուք նկատի ունեք առաջին գծում պաշտպանական ամրաշինությունների կատարելագործո՞ւմը:

– Ոչ միայն: Իհարկե, մենք շարունակելու ենք ամրացնել մեր պետական սահմանը, բայց դա համալիր միջոցառումների միայն մի մասն է: Չափազանց կարեւոր է նաեւ հակամարտ կողմերի միջեւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորումը եւ այս ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացումը: Լավագույն քայլերից մեկը առաջին գծից դիպուկահարների հետքաշումն է, որի մասին առաջարկը մենք միջնորդներին ենք ներկայացրել սկսած 2007թ.-ից, բայց Ադրբեջանի կողմից նման պատրաստակամություն չենք տեսնում առ այսօր:

Այս առումով, կարծում եմ, որ թե՛ միջազգային հանրությունը ու թե՛, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խումբը հնարավորություն ունեցել են համոզվելու, թե իրականում բանակցային կողմերից որն է պատրաստ՝ խնդիրը լուծելու խաղաղ ճանապարհով, իսկ որն է արհեստական լարվածություն մտցնում հիմնախնդրի լուծման գործընթացում եւ պետական սահմաններում: Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը համարժեք գնահատական կտա պաշտոնական Բաքվի վարքագծին եւ նրան կմղի կառուցողական դաշտ, որովհետեւ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը ոչ միայն վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը, այլեւ լուրջ մարտահրավեր է միջազգային իրավունքին, մանավանդ, որ այդ երկիրը հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031