
Հիշեցնենք, որ նախօրեին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր. «Ակնհայտ է, որ ժողովրդի հաղթանակի գրավականը համապարփակ աննախադեպ ուժի ստեղծումն է՝ քաղաքացիական, քաղաքական, մտավորական, երիտասարդական ամենալայն ու ամենանվիրված հոսանքների ընդգրկմամբ՝ որպես հավաքական այդ թեկնածության համար պատասխանատվություն կրող բաժնետիրոջ եւ իրական հիմնաղբյուրի: Այս լույսի տակ արժե լրջագույնս քննել ու քննարկել Լիլիթ Գալստյանի, Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Արամ Զավենի Սարգսյանի, Պարույր Հայրիկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Նիկոլ Փաշինյանի եւ էլի մի քանի շնորհալի երիտասարդների հասարակական համախմբման հնարավորությունները»:
Aravot.am-ը Լիլիթ Գալստյանից հետաքրքրվել էր` ինչպե՞ս է ինքը մեկնաբանում Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, դա իր համար առաջա՞րկ է, թե՞ ընդամենը շոյող խոսք: Լիլիթ Գալստյանը նաեւ հավելեց. «Հայաստանի առջև ծառացած բազմաշերտ մարտահրավերներն իսկապես քաղաքացիական, մտավորական և առհասարակ ազգային ներուժի համախմբում են պահանջում, և սա անառարկելի է։ Երկրի հեռանկարով մտահոգ մարդկանց, պետական, քաղաքական գործիչների ցանկում, այն էլ առաջինը հիշատակվելն անշուշտ շոյիչ է։ Ես էլի անուններ կավելացնեի մեր հազարավոր քաղաքացիների, որոնք ուզում են իսկապես արժանապատիվ երկրի կառուցման մասնակից դառնալ»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































