
Աբդռաշիտովի` «Երեւանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված «Պարողի Ժամանակը» խաղարկային ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Ռուսաստանի ծայրամասում, որտեղ քաղաքացիական պատերազմն ավարտված է, իսկ հերոսները փորձում են խաղաղ կյանքով ապրել. «Պատերազմը, միեւնույնն է, իր հետքն է թողել մարդկանց գենետիկ հիշողության մեջ, բայց նրանք շարունակում են «պարել»: Հուսով եմ` մի օր կհաղթահարենք պատերազմի հետեւանքները»,-ասաց ռեժիսորը:
Աբդռաշիտովի համոզմամբ` հաղթահարումը հնարավոր է միայն մշակույթի միջոցով, որը պետք է գոյություն ունենա ոչ միայն որպես կարեւոր ինստիտուտ, այլեւ պետության հոգատարության տակ գտնվող կառույց. «Մեր պարագայում այդպես չէ. Ռուսաստանը հոգատար չէ իր մշակույթի հանդեպ, աչքաթող է արել կրթական համակարգը: Դրա վառ ապացույցները դպրոցներում կատարվող արտակարգ դեպքերն են: Ասածս փաստում է նաեւ ռուս գրականության ժամերի ցինիկավարի կրճատումը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































