Դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցադիմումի հիման վրա նշանակված նախնական դատական նիստը:
Ս.Զոլյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ ԼիաննաԳրիգորյանը այսօր պետք է դատարանին ներկայացներ այն հրամանները, որոնք պահանջել էր նա մեկ շաբաթ առաջ իր վստահորդի նախկին աշխատավայրից: Այն չէր տրամադրվել կողմին, այսինքն՝ պատասխան չէր ստացվել: Դատավորը դրանց ապահովումը թողեց պատասխանող ԿԳ նախարարության երկու ներկայացուցիչների վրա:
Ի դեպ, պատասխանողը հաջորդ նախնական դատական նիստին պետք է նաեւ ներկայացնի 2012թ.-ից վերահսկողություն իրականացնելու նպատակներով ձեւավորված հանձնաժողովի ստուգման ակտը, արդյունքները, ինչպես նաեւ այն փաստաթղթերը, որոնցից պարզ կդառնա գիտխորհրդի կողմից սահմանված կարգը՝ «անհատական հետագծով» ուսուցման ձեւին անցնելու մասին:
Հիշեցնենք, որ նախկին ռեկտորը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել ԿԳ նախարարի կողմից իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժեր կիրառելու, աշխատանքից ազատելու հրամանները եւ իրեն վերականգնել աշխատանքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: