Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքան վաղ ենք միջամտում, այնքան երեխային օգնելու շանսերը մեծանում են․ Հասմիկ Պետրոսյանը՝ երեխաների զարգացման ճանապարհին հանդիպող «կարմիր դրոշների» և դրանց հաղթահարման ուղիների մասին

Մարտ 04,2026 09:30 Share

Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում զրուցել ենք բժիշկ -վերականգնողաբան, զարգացման մանկաբույժ Հասմիկ Պետրոսյանի հետ։

– Հայաստանում զարգացման մանկաբուժությունը, որքան ինձ հայտնի է, նոր մասնագիտություն է, և հետաքրքիր է, թե ի՞նչ խնդիրներով է զբաղվում այն։

-Ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում է այն համեմատաբար նոր մասնագիտություն, իսկ մեր երկրում մոտ 20 տարի է, ինչ ունենք զարգացման մանկաբույժներ, եւ վերջին մի քանի տարվա ընթացքում է, որ նրանց թիվը սկսել է շատանալ:

Այս պահին Հայաստանն ունի ընդամենը հինգ զարգացման մանկաբույժ, որոնցից չորսն աշխատում են Երեւանում եւ ես՝ Շիրակի մարզում։

Զարգացման մանկաբուժությունը բժշկական մի ուղղություն է, որն ուսումնասիրում և գնահատում է երեխայի զարգացման բոլոր ոլորտները, որոնք բավականին շատ են․ շարժողական ոլորտը, որն ունի երկու ենթատեսակ՝ մեծ և փոքր շարժումներ, խոսքը, սոցիալական զարգացումը, մտավոր զարգացումը, ինչպես նաեւ նյարդաբանական զարգացումը, հատկապես երբ դիմում են մինչեւ մեկ տարեկան երեխաների դեպքում։

Զարգացման մանկաբույժը նաև գնահատումներ է անում քնի խանգարումների, կերակրման խանգարումների հետ կապված։
Մենք գնահատում ենք երեխայի զարգացումն ամբողջությամբ՝ չսահմանափակվելով միայն մի ոլորտով, և եթե, օրինակ, ծնողը գալիս է գանգատով «երեխան չի խոսում», մենք միայն խոսքը չէ, որ գնահատում ենք, այլ գնահատում ենք երեխային ամբողջությամբ, հասկանում ենք նրա խնդիրն ու բացատրում ծնողին, թե ինչու չի խոսում երեխան և որտեղ ու ինչպես է հնարավոր այդ խնդիրը լուծել։ Իսկ չխոսել երեխան կարող է տարբեր պատճառներով՝ կամ լավ չի լսում, կամ ունի մտավոր զարգացման խնդիրներ, կամ սոցիալական զարգացման խնդիրներ կան, եւ այլն։

Ավելացնեմ, որ զարգացման մանկաբուժությունը զբաղվում է ոչ միայն զարգացման խանգարումներով, այլ նաեւ այն երեխաներով, որոնք ռիսկի խմբի մեջ են, օրինակ՝ կանխածին են կամ ծնվել են ասֆիքսիայով՝ թթվածնային քաղցով, կամ նրանց մամաներն ունեն վնասակար սովորություններ։ Այս բոլոր երեխաները պարզապես պարտավոր են գնահատվել մինչեւ երկու տարեկանը և լինել հսկողության տակ։

Նշեմ, որ զարգացման մանկաբույժին ոչ միայն ծնողներն են դիմում, այլ նաեւ ուղղորդումներ են լինում տարբեր մասնագետների՝ բժիշկների, կրթության, հարբժշկական մասնագետների կողմից, եւ մենք մեր գնահատումով, խնդիրն անվանելով եւ ճիշտ ուղղորդումներ տալով՝ օգնում ենք հասկանալ երեխայի խնդիրը և հնարավորինս լուծել այն։

 -Ո՞ր հիմնական գանգատներն են զարգացման մանկաբույժին դիմելու պատճառ դառնում։

-Մինչեւ մեկ, մեկուկես տարեկանը հիմնականում դիմում են շարժողական զարգացման հապաղումների պատճառով, այսինքն՝ երեխան չի չոչում, չի պտտվում, չի գլորվում, չի քայլում, չի կանգնում կամ չի կարողանում օգտագործել ձեռքերը, ճիշտ բռնել մատիտը, մկրատը եւ այլն։ Մինչեւ երկու- երեք տարեկանը դիմում են «չի խոսում» գանգատով, եւ այստեղ պատճառները լինում են տարբեր՝ խոսքի զարգացման հապաղում, սոցիալական հաղորդակցման խանգարում և այլն։ Ավելի մեծ տարիքում երեխաներին բերում են տարբեր գանգատներով՝ օրինակ՝ «ունի ուսումնական դժվարություններ» կամ «չի ուզում գնալ դպրոց», «դպրոցում չունի ընկերներ» կամ «չի հետաքրքրվում դասապրոցեսով», և մենք պետք է հասկանանք, թե որն է խնդիրը։

Ինչպես վերևում նշեցի, դիմում են նաև քնի խանգարումներով, եւ մենք անում ենք քնի վերլուծություններ՝ խանգարման պատճառները բացահայտելու նպատակով։

Այսպիսով, զարգացման մանկաբույժն օգնում է գտնել երեխայի խնդիրը, անվանում է այն, և այդ խնդրի լուծման ուղղությամբ հետագայում կարող են աշխատել ոչ միայն բժիշկները, այլ նաեւ կրթության ոլորտի մասնագետները, ուսուցիչները, դաստիարակները եւ այլն։

Աուտիզմը, աուտիստիկ սպեկտրի խանգարումները զարգացման մանկաբույժին դիմելու հիմնական պատճառներից են, ու կցանկանայի այս թեմային հատուկ անդրադառնայիք, քանի որ, ըստ ԱՀԿ-ի, աշխարհում միջին հաշվով յուրաքանչյուր 100 երեխայից 1-ն ունի աուտիզմ․ այս խնդիրը նո՞ր է սկսել զարգանալ, թե՞ պարզապես ավելի հաճախ է սկսել հայտնաբերվել։

-Ձեր հարցը շատ հետաքրքիր է՝ զբաղվում ենք, որովհետեւ շատացել է, թե՞ զբաղվում ենք ու հայտնաբերում ենք։

Իրականում կան զարգացման խնդիրներ, որոնք բավականին շատացել են հատկապես վերջին 10-15 տարում։ Ոչ միայն մեզ մոտ, այլ ամբողջ աշխարհում են շատացել աուտիստիկ սպեկտրի խանգարումները։

Պատճառները դեռ ուսումնասիրվում են։ Մենք գիտենք, որ ինչ-որ փոփոխություններ են տեղի ունենում ինչ-որ մակարդակով, բայց հստակ դեռ չենք կարող ասել, թե ինչու։ Պետք է նշեմ, որ նաև հասարակությունն է դարձել ավելի ինֆորմացված, եւ ցանկացած բան, որը նախկինում կարող է չանհանգստացներ, հենց «չի խոսում» գանգատը, որի դեպքում առաջ կարող էին ասել՝ «ոչինչ, ազգականը խոսել է հինգ տարեկանում», կամ «տղա է՝ ուշ կխոսի», հիմա արդեն անհանգստացնում է ծնողին, երբ երեխան, օրինակ, մեկուկես կամ երկու տարեկանում չի խոսում կամ ունի ընդամենը մեկ-երկու բառ, եւ ինքնուրույն դիմում է զարգացման մանկաբույժին կամ  ուղղորդվում տեղամասային մանկաբույժների կողմից:

Դրական եմ գնահատում նաև այն, որ եթե մենք նախկինում աուտիստիկ սպեկտրի խանգարումով կամ աուտիստիկ համախտանիշով երեխաներին առաջին անգամ զննում էինք 3-5  տարեկան հասակում, այժմ՝ 1- 1,5 տարեկանում, ամենաուշը՝ երկու տարեկանում, ինչը շատ կարևոր է, քանի որ կան հետազոտություններ, որոնց արդյունքում հաստատվել է, եւ մեր փորձն էլ է ցույց տալիս, որ վաղ մանկական ինտենսիվ միջամտությունը բավականին լավ արդյունքներ է տալիս՝ օգնելով երեխաներին հաղթահարել բնորոշ ախտանշանները։ Արդյունքում մենք ունենում ենք երեխաներ, որոնցից շատերն արդեն հինգ տարեկանում էլ սիմպտոմներ չեն ունենում։ Դա, իհարկե, շատ ուրախալի է:

-Որո՞նք են այն նախանշանները, որոնք հնարավորինս վաղ միջամտություն են պահանջում։

-Եթե երեխան չի խոսում, չունի բառ արդեն 1-1,5 տարեկանում, եթե չի արձագանքում անվանը, տեսողական շփումը կայուն չէ, եթե ունի կրկնվող վարքագիծ, եթե ունի սահմանափակ ճաշացանկ, եթե չի կատարում հրահանգները, թվում է, թե չի լսում մեզ․ այս բոլոր նախանշաններ կարմիր դրոշներ են, որոնց առկայության դեպքում անպայման պետք է դիմել բժշկի, որովհետեւ լինում են դեպքեր, երբ բավականին ուշ են դիմում, եւ երեխան մեզ հասնում է արդեն այն տարիքում, երբ ճիշտ է, մենք միջամտում ենք,  բայց զարգացումը դանդաղ է առաջ գնում, կամ էլ արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն լինում, և այստեղ կրկնում եմ, որ ինչքան վաղ ենք միջամտում, այնքան երեխային օգնելու շանսերը մեծանում են:

Այս նախանշանները նկատելու դեպքում ճանապարհն այսպիսին է․ ծնողը դիմում է տեղամասային մանկաբույժին, ով ուղղորդում է մանկական հոգեբույժի մոտ, այնուհետև ըստ անհրաժեշտության՝ բժիշկ -վերականգնողաբանը, զարգացման մանկաբույժն ու այլ մասնագետները կատարում են միջամտությունները՝ կախված երեխայի խնդրից։

-Դուք մեր զրույցի սկզբում նշեցիք, որ մեր երկրում այս ոլորտի ընդամենը հինգ մասնագետ կա․ արդյո՞ք խնդիրներ ունեցող երեխաները ստիպված չեն լինում սպասել, և կա՞ արդյոք անհրաժեշտ հագեցվածություն աշխատանքային գործիքակազմի առումով։

-Ճիշտ եք նկատել, որ զարգացման մանկաբույժ աշխատելու համար պետք է ունենալ գործիքակազմ, հատուկ ստանդարտացված գործիքներ, առանց որոնց հնարավոր չէ աշխատել, և մենք ունենք այդ գործիքները եւ Երեւանում, եւ Շիրակի մարզում՝ Գյումրիում։

Հայաստանում, այո, ցավոք, քիչ են մասնագետները, և, իհարկե, երեխաները հերթ են կանգնում, նույնիսկ լինում է, որ ամիսներով են սպասում զարգացման մանկաբույժի մոտ հասնելու համար, հատկապես մարզերի երեխաների համար է դժվար, և աշխատելով Գյումրիում՝ ինքս փորձում եմ մի փոքր թեթևացնել այդ խնդիրը՝ հնարավորինս արագ կազմակերպելով երեխաների զննումը՝ ոչ մի բան բաց չթողնելու և ժամանակ չկորցնելու համար։

Զրույցը՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031