Կապանի տարածաշրջանի սահմանամերձ Շիկահող գյուղում երիտասարդ ընտանիքներ գրեթե չեն մնացել, երբեմնի մարդաշատ գյուղից այժմ շատ քիչ բան է մնացել:
Շիկահողը տարածաշրջանում հայտնի է որպես ազատագրական պայքարներին խիզախորեն մարտնչող ու սահմանապաշտպան գյուղերից մեկը: Շիկահողցիները ակտիվ մասնակցել են ինչպես Դավիթբեկի ազատագրական պայքարին, այնպես էլ Զանգեզուրի 1918-20թթ. գոյամարտին, իսկ 1991-93թթ.՝ սահմանների պաշտպանությանը։

«Երբեմնի 200 տնտեսությունից մնացել է 60-ը: 2002թ.-ին 5 ընտանիք դուրս է եկել գյուղից, երիտասարդ ընտանիքներ գրեթե չկան, մահ կա` ծնունդ չկա: Գյուղացիներն անասնապահությամբ, հողագործությամբ են զբաղվում, բայց անշահավետ, անարդյունք: Բնակլիմայական պայմաններն էնպիսին են, որ նորմալ բերք չի ստացվում, ոռոգման ջուր չկա, Խորհրդային միության տարիներին կար, իսկ անկախացումից հետո ոռոգման համակարգ այլեւս չգործեց: Դրա համար ո’չ ցանում ենք, ո’չ էլ ոռոգում, միայն տնամերձ հողակտորներն ենք մշակում, դրանք էլ խմելու ջրով ոռոգում» , -ասում է 220 բնակչություն ունեցող Շիկահող գյուղի նախկին գյուղապետ Անդրանիկ Մարգարյանը, ով 10 տարի ղեկավարել է համայնքը եւ քաջ ծանոթ է գյուղի կենսագրությանն ու համայնքի առջեւ ծառացած հիմնախնդիրներին:
Շիկահողցի Նորա Հովսեփյանը գյուղի մշտական բնակիչներից է: Ինքն արմատներով Շիկահողից է, ամուսնացել է համագյուղացու հետ, ընտանիք կազմել, 3 երեխա ունեցել, այժմ էլ ընտանիքով գյուղում է ապրում, դասվար աշխատում գյուղի միջնակարգ դպրոցում, երեխաներն էլ նույն կրթօջախում են ուսում ստանում:
Նորան գյուղում, բացի իր հիմանական գործից, ուրց եւ երիցուկ է հավաքում, չորացնում եւ տանում Կապանում վաճառում վերավաճառողներին: «Նաեւ լինում են դեպքեր, երբ ուզում են հենց գյուղից շատ էժան ու տոննաներով գնել, բայց մեր գյուղում այդքան չկա, իսկ իրենց առաջարկած գինն էլ շատ էժան է ու ոչ ձեռնտու մեզ: Ես տոպրակը վաճառում եմ 500 դրամով, բայց տարբեր գործարաններից առաջարկում են 1կգ 180 դրամ, ընդամենը պետք է մի մեշոկ չորացնեմ, որ մի կգ դառնա ու 180 դրամ գումար աշխատեմ, իսկ ես ընդամենը մի տոպրակ ուրցից 500 դրամ փող եմ արդեն աշխատում` քաղաք տանելով ու վաճառելով» , -ասում է Նորան:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ



















































