
Գալոյանը հայտարարեց, որ պետք է հիասթափեցնի իշխանություններին, քանի որ. «ՀԱԿ-ի եւ ՀՀՇ-ի վախը վաղուց է բռնված: Մենք որեւէ մեկից չենք վախենում: Ընդհակառակը, նման մեթոդներով նրանք ստիպում են ավելի ու ավելի կոշտացնել պայքարը»: Արման Գալոյանի կարծիքով, Վահե Ավետյանի սպանությունից հետո, երբ իշխանությունները տեսան, թե ինչ հասարակական շարժում է ծավալվում եւ ինչպես են մարդիկ իրենց բողոքի ձայնը բարձրացնում վարչախմբի անօրինական գործողությունների հանդեպ, այս կերպ որոշեցին «մեսիջ հղել հասարակությանը»: Բանախոսը նաեւ փաստեց, որ այս հարցն իրենք անուշադրության չեն մատնելու, հնչեցնելու են նաեւ միջազգային ասպարեզում. «Քաղբանտարկյալների վերաբերյալ արդեն դիմումներ ուղարկվել են Եվրոպայի լիբերալների եւ ժողովրդավարական կուսակցությանը, Եվրոպայի երիտասարդ լիբերալների կազմակերպությանը եւ միջազգային երիտասարդական ասոցիացիային»:
ՀՀՇ երիտթեւի գործադիր խորհրդի անդամ Արշակ Մուսախանյանն էլ Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց, որ այլ կուսակցությունների, հատկապես իշխանական կուսակցությունների երիտթեւերի ներկայացուցիչների հետ ՀԱԿ ակտիվիստներին ձերբակալելու առիթով հանդիպումներ, շփումներ քննարկումներ չեն եղել եւ չեն կարող ասել՝ նրանք իրենց կմիանա՞ն, թե՝ ոչ: Բայց այօր իրենք, փաստորեն, կոչով դիմում են բոլոր երիտթեւերի ներկայացուցիչներին՝ անտարբեր չմնալ երիտասարդների դեմ կիրառվող ապօրինի գործողություններին: Սակայն անձնական կապերի եւ հարաբերությունների միջոցով չեն ցանկանում դա անել, այլ ակնկալում են, որ հայտարարությամբ կարտահայտեն իրենց դիրքորոշումը:
Արման Գալոյանն էլ հավելեց, որ ընդդիմադիր տարբեր կուսակցությունների, այդ թվում՝ նաեւ ԲՀԿ-ի երիտթեւի ներկայացուցիչները մամուլում պատրաստակամություն հայտնել են համատեղ պայքարելու առիթով: ՀՀՇ երիտթեւի մեկ այլ ներկայացուցիչ՝ Եվա Թովմասյանն էլ հավելեց, որ իրենք սոցցանցերով տեղեկացնում են բոլորին՝ կազմակերպվող ակցիաների մասին եւ նախօրեին, դատախազության առջեւ կազմակերպված ակցիային, տարբեր կուսակցությունների երիտթեւերի ներկայացուցիչներ ներկա են եղել:
Կարդացեք նաև
Ի պաշտպանություն կալանավորված երիտասարդների՝ առաջիկայում նախատեսված են մի շարք բողոքի ակցիաներ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































