
Aravot.am-ի հետ զրույցում ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանն ասաց, որ տարիքից ելնելով՝ անչափահասները համարվում են ռիսկային խումբ. «Երբ տեղի է ունենում մարդու ինքնագիտակցության ձեւավորումը, ինքնաիրացման ապագայի ծրագրի ձեւավորումը, սկսում են ակտիվանալ նաեւ ֆիզիոլոգիական եւ հոգեբանական գործընթացները: Այս հարցը բոլորին մշտապես հետաքրքրում է, թե ինչու է դեռահասության շրջանը ռիսկային, պատճառն այն է, որ դեռահասությունն ունի հասարակության հետ հարմարման գործընթացում բավական շատ բախումներ»:
Ըստ Ավանեսյանի՝ վերջերս թեմայի հետ կապված քննարկումների ավելի շատ ալիք է բարձրացել, դա էլ պայմանավորված է խնդրի ալիքաձեւ լինելով, չնայած՝ այն միշտ հետաքրքրության դաշտում է գտնվում, մեկ մոռանում են, մեկ էլ՝ ակտիվանում: Իսկ թե ո՞վ պետք է այս հարցով զբաղվի, եւ ո՞վ է պատասխանատու՝ Ավանեսյանը նշեց՝ «Բնականաբար, լայնամասշտաբ պետական ծրագրերի կարիք կա, քանի որ այս տարիքը ներգրավված է կրթական համակարգում, եւ ոլորտի մասնագետները ուշադրության կենտրոնում պետք է պահեն հարցը: Հասարակական կազմակերպությունները մասնագիտական իմաստով պետք է զբաղվեն այս հարցով, հոգեբանները, սոցիոլոգները, մանկավարժները խոսեն միայն ուսումնասիրությունից հետո. խնդիրը հավերժ է, բայց տրանսֆորմացվում է, դեմքն է փոխում, իսկ էությամբ նույնն է մնում: Եվ ամենակարեւորը՝ դա ընտանիքն է, դեռահասը ընտանիքում պետք է ունենա համապատասխան շփման դաշտը, լինի մշտապես ուշադրության կենտրոնում եւ ստանա այն սերը, որի կարիքը ունի»:
Ռուսաստանի դպրոցներում առաջիկայում կհայտնվեն մանկական ինքնասպանությունների կանխարգելման մասնագետներ: Ըստ Ավանեսյանի՝
Կարդացեք նաև
դա պրիմիտիվ միջոց է, բայց անհրաժեշտություն, եւ արժե հետեւել նրանց օրինակին: Սակայն՝ «առաջին հերթին գոնե հոգեբանները պետք է աշխատեն երեխաների հետ, ինչը մեզ մոտ դպրոցներում դեռ չկա, հետո նոր՝ նեղ մասնագետները: Հոգեբանների առկայությունը դպրոցում կմեղմացնի այս խնդիրը»:
Ինչ վերաբերում է քահանաների այցելություններին դպրոցներ՝ Ավանեսովը ավելացրեց, որ դա միանշանակ դրական ազդեցություն կունենա, որովհետեւ եկեղեցին եւս այս հարցում անելիքներ ունի. «Այլ հարց է, որ ժամանակակից հասարակությունում այդ տարիքի երեխաների մոտ, այն արժեքները, որը դավանում է կրոնը, եկեղեցին, մի քիչ դժվար է ընկալվում, նրանք ուզում են լինել մոդեռն, ժամանակակից եւ այնտեղ գտնել բոլոր պատասխանները»:
Ինքնասպանությունների մասին մեշտ էլ խոսվել է, խնդիրը միշտ էլ եղել է, սակայն, ըստ Ավանեսյանի՝ ժամանակ առ ժամանակ նվազել եւ ավելացել է, պայմանավորված՝ ժամանակաշրջանով, սոցիալական, տնտեսական իրավիճակներով:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































