
Արմինե Օհանյանը կարծում է, որ իրենք լրագրողական բարեխիղճ գործունեություն են արել,ստացել էին ինֆորմացիա եւ զանգել ճշտել դրա իսկությունը, ու Մարգարիտա Խաչատրյանի մեկնաբանությունը եւս տեղադրել լուրի մեջ: Սկզբից Մարգարիտա Խաչատրյանը «Հրապարակից» պահանջում էր 2մլն 40 հազար դրամ` իր պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու, իր տղայի անունը շահարկելու համար, այնուհետեւ հրաժարվեց այդ պահանջից, մնաց հերքման պահանջը, բայց այժմ թերթը նույնիսկ հերքում տպագրելու պատճառ չունի:
Իսկ Մարգարիտա Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դատարանի որոշումը բողոքարկելու է Վերաքննիչում: Նա դժգոհ է դատարանի որոշումից` շեշտելով, որ դա միակողմանի որոշում էր:
Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթում տպագրված մի նյութի պատճառով Մարգարիտա Խաչատրյանը, «Հրապարակի» փոխանցմամբ, ներխուժել էր թերթի խմբագրություն, ծեծկռտուք էր սարքել, կոտրել էր բաժակներն ու մարմնական վնասվածք հասցրել խմբագիր Արմինե Օհանյանին: Լրագրողները ահազանգել էին ոստիկանություն, որը տեղ է հասել բավականին ուշացումով: Թերթի խմբագիրը ոստիկանությունում ցուցմունք էր տվել տեղի ունեցածի առթիվ: Ավելի վաղ էլ Մարգարիտա Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր.«Ես վիրավորանք կուլ չեմ տա, «Հրապարակ» օրաթերթի խմբագրությունում ինձ վիրավորել են, ես էլ նրանց եմ վիրավորել, քաշքշուկ էլ է եղել, չեմ հրաժարվում, որ նման բան եղել է, ու քաշքշելու եմ: Իմ զոհված մինուճար տղայի անունը տա՞, ասի տղայիդ արյունը ծախո՞ւմ ես»,-ասել էր նա:


















































