Լրահոս
Օրվա լրահոսը

Միլիոնավոր դոլարների օգուտն ու վնասը

Օգոստոս 03,2012 19:08

2001-2003 թվականներին Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցվեց  սահմանագոտին շրջանցող, Ոսկեպար-Կիրանց 11 կմ երկարությամբ ճանապարհը: Շրջանցիկ այդ ճանապարհը  կառուցել է «Դորոժնիկ» ՍՊԸ-ն: Շինարարության համար, մեր տվյալներով, ծախսվել է մոտ 7 միլիոն դոլար: Ներկայումս այս ճանապարհում, շուրջ 20 տեղ ասֆալտի ծածկույթը քանդվել կամ փոս է ընկել, ճանապարհը դարձել է անբարեկարգ: Պատճառը, ըստ մասնագետների, ասֆալտի հիմքի թույլ լինելն է, մեծ հաշվով՝ ճանապարհաշինարարների  անորակ աշխատանքը:

Ներկայումս  ճանապարհի եզրին քարակույտեր են թափված, որպեսզի դրանով հարթեցվեն միջպետական ճանապարհի քանդված տեղերը:  ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական ինտերնետային  կայքի  Լինսի ծրագրի ճանապարհաշինության  բաժնում այս  ճանապարհի վերաբերյալ նշված  է.  «Կառուցվել է Կիրանց-Ոսկեպար սահմանամերձ գյուղերը կապող ավտոճանապարհը` դարձնելով այն ավելի անվտանգ»: Իրականում հնարավորության կար սահմանագիծը շրջանցող  ճանապարհը կառուցել ավելի կարճ, ավելի հարթ տեղանքով,  ադրբեջանական զինուժի ոտնձգություներից  պաշտպանված, անվտանգ տարածքով:

Խորհրդային տարիներին Կիրանց –Ոսկեպար հատվածը 4 կմ երկարություն ուներ: Ներկայումս գրեթե նույն  տարածքով ձգվող,  ռազմավարական նշանակություն ունեցող, ռազմական տեխնիկայի եւ զինուժի տեղաշարժի համար կառուցված հողաշեն ճանապարհը ունի 5 կմ երկարություն: Այն ադրբեջանական հրետակոծությունից պաշտպանված է  հողապատնեշներով: Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցված շրջանցիկ ճանապարհը կրկնակի երկար է, այն ձգվում է  լեռնային բաց տեղանքով, խոցելի է ադրբեջանական հենակետերի կողմից: Տրանսպորտային միջոցների տերերը շրջանցիկ այդ  ճանապարհը հաղթահարելիս հավելյալ վառելիք, ժամանակ եւ նյարդեր են ծախսում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031