Aravot.am-ի տեղեկություններով՝ Տավուշի մարզի իրավապահներին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, որ հոկտեմբերի 29-ին անհայտ անձինք Telegram-ում լուսանկարով և այլ տվյալներով ստեղծել են «Հայկ Ղալումյան @Galumyan01» և «Հայկ Ղալումյան @Galumyan011» կեղծ անհատական էջեր, որոնց միջոցով հաղորդագրություններ են ուղարկել Տավուշի մարզի համայնքների ղեկավարներին, վարչական պատասխանատուներին, դպրոցների տնօրեններին ու այլ պաշտոնատար անձանց՝ հետևյալ բովանդակությամբ. «Ներկայումս Տավուշի մարզպետի աշխատակազմում իրականացվում է ներքին ստուգում, որի շրջանակներում հարցում է անցկացվում բոլոր աշխատակիցների շրջանում։ Մոտ ժամանակներս Ձեզ հետ կապ կհաստատի ՀՀ ԱԱԾ մայոր՝ Արթուր Սարգսյանը, նա Ձեզ մի քանի հարց կտա և մանրամասն կբացատրի ստուգման նպատակներն ու հանգամանքները։ Խնդրում եմ նկատի ունենալ, որ սույն տեղեկատվությունը գաղտնի է։ Շնորհակալություն համագործակցության և պրոֆեսիոնալիզմի համար»։
Այնուհետև անհայտ անձանցից հեռախոսազանգ է ստացել Հայկ Ղալումյանը, որին ներկայացել են որպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակից, խոսել ռուսերեն լեզվով ու այդ խոսակցության ընթացքում փորձել են նրան ուղղորդել բանկ՝ վարկ ձևակերպելու և այն հետագայում իրենց կողմից նշվելիք հաշվեհամարին փոխանցելու համար։ Սակայն վարկ չի ձևակերպվել, փոխանցում չի կատարվել։ Բոլորին հայտնվել է, որ այդ էջերը կեղծ են, և հորդորել են չկատարել դրանց միջոցով տրված որևէ հրահանգ։
Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ամփոփագիրն ուղարկվել է Տավուշի մարզային քննչական վարչություն։
Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով



















































