
Aravot.am-ը «Շիրակ կենտրոն » հ/կ նախագահ Վահան Թումասյանից հետաքրքրվեց, թե Վարդան Ղուկասյանի առաջադրման դեպքում իր կարծիքով ի՞նչ տեսակ պայքար է սպասվելու Գյումրիում: «Ես համոզված չեմ, որ Գյումրու գործող քաղաքապետը նորից կառաջադրվի, ես կարծում եմ, որ սա պարզապես մեկ այլի բերանով քցված խայծ է, որ տեսնեն, թե ինչ ազդեցություն կստեղծվի:Եթե առաջադրվի, այդ դեպքում շատ բարդ իրավիճակ կստեղծվի ոչ միայն Գյումրիում, այլ Հայաստանում, ոչ թե նրա համար, որ կարող է նորից ինքը ընտրվել քաղաքապետ, խնդիրը քաղաքապետը չէ, խնդիրը առաջիկայում նախագահական ընտրություններն են: Բոլորն էլ հասկանում են, եթե նա այնուամենայնիվ առաջադրվի, բավականին խաղաքարտեր կխառնվեն, ես հույս ունեմ, որ չի ընտրվի, եթե նույնիսկ առաջադրվի, բայց ամեն դեպքում, եթե առաջադրվեց բավականին հարցականեր կառաջանան Հայաստանում, վատ նախադեպեր կստեղծվեն իշխանության համար:Ես այն կարծիքին եմ, որ քաղաքը պետք է ապաքրեականացնել և ապաքրեականացումը իշխանությունները պետք է անեն: Եթե մեկը մտածում է, որ դա պետք է հասարակությունը անի, թեկնածու առաջադրի, ժողովրդավարական ճանապարհով և այլն, փորձ ու գիտելիք օգտագործելով, պարզապես հեքիաթներ են»: Ըստ մեր զրուցակցի, հասարակությունը կարող է բարոյական հաղթանակ տանել, ընտրարշավը հետաքրքիր դարձնել, խաղեր տալ, բայց քաղաքը ձեռքից գնում է, Գյումրին այլևս ոչինչ չունի,մարդիկ զանգվածաբար արտագաղթում են, մնացողներն էլ սոված ու անտուն թափառում են:
«Պետության ձեռքը հսկայական գործիք կա, և պետությունն ինքը պետք է փոփոխություններ մտցներ քաղաքային իշխանության տեսակի, որակի մեջ:Նորից եմ կրկնում, իմ կարծիքով Վարդան Ղուկասյանը այնուամենայնիվ չի առաջադրվի, տարբեր մարդիկ կարող են խաղ անել, մեկը կարող է ավագանու համար խաղ անել, ասել, որ ինքը կարևոր է թաղում, մյուսը` քաղաքապետի համար:Քաղաքականությունը խաղ է»,- ասում է Վահան Թումասյանը:
Եթե այդուհանդերձ Վարդան Ղուկասյանը առաջադրվի, ի՞նչ տեսակ ընտրարշավի ականատես կլինենք: «Ես չեմ կարծում, որ արյունոտ ընտրություններ լինեն, նախագահական ընտրություններից առաջ նման շռայլություն թույլ չի տա իշխանությունը, ես կարծում եմ, որ քաղաքապետի թեկնածուների մեջ պայքարը այնքան թեժ չի ընթանա, իսկ ավագանու համար այն կուղեկցվի ռազբորկաներով, բայց ոչ արյունահեղությամբ: Գյումրիում քրեական համակարգն այնքան խորացված է, որ պայքարը կլինի ռազբորկաների մակարդակով , ի վերջո ավագանու անդամները կգան փոխհամաձայնության, տարածքները կբաժանեն իրար մեջ, ինչպես եղավ Աժ ընտրությունների ժամանակ, ու կսկսեն ընտրակաշառք բաժանել: Իսկ ընտրակաշառքը մինչև 5000 դրամ կհանեն», -համոզված է մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































