
Չնայած անշնորհակալ գործ է նման անլուրջ ապատեղեկատվությանն անդրադառնալը, այդուհանդերձ, հաշվի առնելով տարածված հաղորդագրության հանդեպ հասարակության դրսևորած հետաքրքրությունը, ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը հայտնում է հետևյալը. – իրականում, նախ` ադրբեջանական կողմը բարձունք է զբաղեցրել ոչ թե իր նախկին դիրքի առաջնամասում, այլև թիկունքում: Երկրորդ` այսպես կոչված «ռազմագործողության» արդյունքում նույն այդ «գրավված» դիրքում ադրբեջանական բանակը ոչ թե, ինչպես իրենք են հաղորդում, կորուստներ է պատճառել հայկական զինուժին, այլև հակառակը, միայն հուլիսի 29-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հենց իրենք են տվել 1 զոհ և 2 վիրավոր: Երրորդ` «գրավված» բարձունքից ոչ միայն հնարավոր չէ տեսնել Մարտակերտը կամ Քարվաճառը, այլև այն բացի ադրբեջանական քարոզչության կողմից հորինված և սեփական ժողովրդին արհեստականորեն ոգևորելու դատարկախոսություն լինելուց, որևէ կոնկրետ ռազմավարական կամ մարտավարական նշանակություն չունի:
Վերոնշյալն ամփոփելով նկատենք, որ ինչպես միշտ, այս անգամ ևս ադրբեջանական պրոպագանդան, փորձելով իրեն հատուկ ոճով ցանկալին ներկայացնել իրականի փոխարեն, տակավին հայտնվել է իր համար արդեն սովորական դարձած խղճուկ վիճակում: Մի իրողություն, որից դուրս գալու համար հարևան, բայց ոչ բարյացկամ երկրի պետական ու ոչ պետական քարոզչամիջոցներին անհրաժեշտ է ապավինել ոչ թե դատարկ երևակայությանը, այլև դեպքերի իրական զարգացմանը: Հակառակ դեպքում կարծեցյալ օպերացիաների մշակ գեներալ Աբիևի զինվորները «գրավված» բարձունքներից հնարավոր է տեսնեն ոչ թե Մարտակերտն ու Քարվաճառը, այլև իրենց գերագույն գլխավոր հրամանատարի նստավայր Բաքուն:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին


















































