Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնագիրը՝ անգլերեն

Օգոստոս 08,2012 13:45

Փախստականի վկայականը վավերական չէ 2008 թվականից, սակայն մինչեւ 2012 թվականը մեծ թվով փախստականներ ունեին այդ վկայականը:

Դեռեւս 1951 թվականի «Փախստականի կարգավիճակի մասին» կոնվենցիայի եւ «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան՝ ՀՀ կառավարությունը 1999թ. նոյեմբերի 20-ին թիվ 695 որոշմամբ հաստատել է ՀՀ փախստականի կարգավիճակ ստացած անձանց վկայական տալու կարգը եւ վկայագիրը: Նույն՝ 1999թ. նոյեմբերի 20-ի թիվ 695 որոշմամբ հաստատվեց Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձանց ճամփորդական փաստաթուղթ տրամադրելու որոշումը:

Մինչեւ 2000թ. հուլիսի 1-ը ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը (այսուհետ՝ ՄՊԾ) պարտավորվում էր ապահովել փախստականի կարգավիճակ ստացած անձանց նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական անձնագրերի փոխարինումը փախստականի վկայականներով: Այդ ժամանակներն էին, երբ փախստականների ծնողներից զգալի մասն ընդունեց ՀՀ քաղաքացիություն: Պարզապես ապատեղեկատվությունն այն մասին էր, որ այլեւս վկայականներ չեն տրամադրվելու: Փախստական, իսկ այդուհետեւ արդեն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած ծնողների երեխաներն իրենք էին որոշում իրենց կարգավիճակը՝ մնալ փախստական, թե ոչ, սակայն նկատենք, որ դա հետեւանք դարձավ փախստականների ընդհանուր թվի կրճատմանը: Ասել է, թե ներկա պահին փախստական տղաներին զրկում են իրենց կարգավիճակից միայն այն պատճառով, որ ծնողներն ընդունել են ՀՀ քաղաքացիություն: Փաստացի, երիտասարդները շարունակել են համարվել փախստականներ անգամ իրենց ծնողների քաղաքացիության ընդունումից մեկ տասնյակից ավելի տարի եւ միայն 2010թ.-ից հետո, երբ ՄՊԾ-ում ստուգումներ են անցկացվել, վերցրել եւ կրճատել են մեծ թվով փախստականների: Պատճառաբանական մասում, ինչպես նշեցի, ծնողների քաղաքացիության ընդունումն է, չնայած, որ տարիներ շարունակ երիտասարդ փախստականները շարունակել են ունենալ Փախստականի վավեր վկայական: Վկայականը տրվում էր 3 տարի վավերականության ժամկետով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փախստականի կարգավիճակ ստացած՝ 16 տարին լրացած, ՀՀ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց: Վկայականի ժամկետը երկարաձգվում էր 2 տարով: Նշվում էր ծննդյան վայրը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Վկայականը կարմիր գույնի էր, 88 X 125 մմ չափսի: Ամբողջ բովանդակությունը միայն հայերեն էր եւ վավերական էր միայն Հայաստանի Հանրապետության տարածքում:

27.11.2008 թվականին ընդունվեց «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի օրենքը, որն ուժի մեջ մտավ 23.12.2008 թվականին: Ընդունված օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթած այն անձինք, որոնք մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը չեն ստացել սույն հոդվածի 1-ին մասում նշված փախստականի վկայականը, պետք է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, դիմեն լիազոր մարմին՝ սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար: Այդ ժամկետում կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ձեռք չբերած անձինք Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված եւ ապաստան ստացած անձ համարվելու համար պետք է անցնեն սույն օրենքով սահմանված՝ ապաստանի անհատական ընթացակարգով»:

Օրենքով ամրագրված էր, որ փախստականի վկայականները պետք է փոխարինվեին ճամփորդական փաստաթղթով, որը կապույտ գույնի, 88 X 125 մմ չափսի, 32 էջից բաղկացած, այդուհետեւ ՀՀ-ում փախստականի անձը հաստատող միակ փաստաթուղթն էր: Նկատենք, որ այդ մասին փախստականներից շատերը տեղեկացված չեն եղել, եւ կարմիր վկայականները մնացել էին վավերականության մեջ՝ անվավեր պայմաններում: Ճամփորդական փաստաթղթի առավելությունը կայանում էր ՀՀ տարածքից դուրս ու ներս անելուն, սակայն հարկ է նշել, որ կան նաեւ խնդիր առաջացնող հանգամանքներ: Փաստաթղթի նկարագրական մասում շեշտվում է, որ բովանդակությունը կազմված է 3 լեզվով՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն: Մինչդեռ հաjերեն միայն գրված է անձնագրի շապիկի վրա, իսկ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդավայր մատնանշող բովանդակությունը միայն անգլերեն է, որն էլ խնդրահարույց հանգամանք է: Հավելեմ, դա բերում է նրան, որ նոտարական ցանկացած գործողություն կատարելիս պահանջում են անձնագրի հայերեն թարգմանություն եւ այն էլ մի երկրում, որտեղ հաճախ ենք լսում «Մայրենի լեզվի պետականության ու պահպանման» կարեւորության մասին արտահայտությունները: Բոլոր երկրներում, որպես ընդունված սահմանակարգ, առաջին հերթին կարեւորվում է անձնագրում տեղ գտած տվյալ երկրի պետական լեզուն, այդուհետեւ մնացյալը, իսկ ՀՀ-ում, փաստորեն, փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթում տեղ է գտել միայն անգլերենը: Միայն անգլերենի առկայությունն ավելորդ ծախսերի փաստ է առաջացնում:

Հավանաբար, երկրագնդի վրա չգտնվի այդպիսի երկրորդ երկիրը, որն այդպես չհարգի սեփական լեզուն: Հետաքրքիր է, ուր են նայում Լեզվի պետական տեսչությունը, մյուս պետական մարմինները, որոնք առնչվում են այդ փաստաթղթի հետ:

Սերգեյ Հակոբյան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031