Լրահոս
Օրվա լրահոսը

Կստեղծվի քաղաքացու թվային պրոֆիլ․ անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը կարդիականացվի մասնավորի միջոցով

Դեկտեմբեր 28,2023 11:49

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագիրը։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ասաց, որ ներկայումս անձնագրերի եւ նույնականացման քարտերի ենթակառուցվածքը եւ գույքը կառավարվում է ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության եւ ԱԳՆ կողմից։

Քաղաքացիները 2023 թվականի փետրվարի 15-ից ստանում են հին նմուշի ոչ կենսաչափական անձնագրեր եւ առանց էլեկտրոնային կրիչների նույնականացման քարտեր, քանի որ առկա ենթակառուցվածքներն արդիական չեն եւ չեն ապահովում թվային միջավայրում նույնականացման ժամանակակից պահանջներ։ «Միաժամանակ, ճամփորդական եւ անձը հաստատող փաստաթղթերի թողարկման ու տրամադրման կապակցությամբ առկա են ծառայությունների մատուցման որակի հետ կապված էական խնդիրներ։ Մասնավորապես, եղած պահանջարկը պատշաճ բավարարելու հնարավորություն, հերթերի կառավարում, ամառվա սեզոնին կուտակումները չափազանց մեծ են լինում, էլեկտրոնային հերթագրման պարագայում հերթը ձգվում է ավելի քան մեկ ամիս։ Ուստի, հարցի հիմնարար եւ որակյալ լուծումը ոչ թե մարդկային ռեսուրսների պարզ ավելացումն է, այլ թվային լուծումների ներդրումը»,- ասաց ՆԳ նախարարը։

Վահե Ղազարյանի խոսքով՝ չնայած Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ստեղծումով ՀՀ քաղաքացիության եւ օտարերկրացիներին վերաբերող ծառայությունները փոխադրվում են քաղաքացիական հիմունքներով սպասարկման դաշտ, այդուհանդերձ ՀՀ տարածքում գործող անձնագրային ստորաբաժանումները չունեն բավարար նյութական, երբեմն նաեւ՝ շենքային պայմաններ։ Ոլորտը տարիներ շարունակ չի արդիականացել, գործառույթներն իրականացվել են թղթային դիմումներով, ինչի հետեւանքով տասնյակ տարիների ընթացքում կուտակել են գործառնական նշանակության մեծամասշտաբ արխիվներ, ինչը նաեւ տվյալների անվտանգության տեսանկյունից չափազանց ռիսկային է։ Ըստ Վահե Ղազարյանի՝ մատուցվող ծառայությունների որակը ցածր է, քաղաքացիների շրջանում կուտակվում է բացասական փորձառություն անձնագրային ծառայություններ ստանալու հարցում։

«Ծրագրի իրականացման արդյունքում պետություն-մասնավոր գործընկերություն համագործակցության ձեւաչափով կներգրավվի մասնավոր գործընկեր, որը լավագույն փորձն ու գիտելիքները կներդնի Հայաստանում ճամփորդական եւ անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացում։ Պետական մարմինն իր հերթին կներդնի ժամանակակից ստանդարտներ եւ հետ չի մնա արդիականացման միտումներից»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մեր հիմնական ու ռազմավարական նպատակը քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծումն է։ Եվ այստեղ բիոմետրիկ անձնագիրն ունի շատ մեծ նշանակություն։ Ի՞նչ է նշանակում թվային քաղաքացի կամ քաղաքացու թվային պրոֆիլ․ եթե մենք հիմա ուզում ենք անձին նույնականացնել, այսօր ձեւը ո՞րն է, ասում ենք՝ ներկայացրեք ձեր անձնագիրը։ Մարդն անձնագիրը ներկայացնում է, նայում ենք անձնագրին, նայում ենք դեմքին եւ որոշում են՝ ինքն այն մարդն է, որը նշված է անձնագրի մեջ, թե՞ ուրիշ մարդ է։ Նաեւ կարող են կասկածներ լինել անձնագրի իսկական կամ ոչ իսկական լինելու վերաբերյալ։ Հիմա մեր խնդիրը հետեւյալն է՝ երբ մարդը թվային հարթակում ներկայանում է պետական մարմիններին մենք հնարավորություն ունենանք այդ նույն գործողության թվային տարբերակն անել նաեւ համացանցում, այսինքն՝ թվային տարածքում։ Եվ սրա համար բիոմետրիկ անձնագիրը եւ նույնականացման քարտն ունեն առանցքային նշանակություն։ Սա ընդամենը առաջին քայլն է, այդ համատեքստում մենք պետք է ստեղծենք մեխանիզմ, որպեսզի թվային տարածքում՝ ինտերնետում մարդուն կարողանանք նույնականացնել»։ Նա նշեց, որ մրցույթ կհայտարարվի, որի արդյունքում այնպիսի գործընկեր կներգրավվի, որն իր փորձով ու կարողություններով ի վիճակի կլինի կատարել այս գերբարդ խնդիրը։

«Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանն ասաց, որ ազատ վիզայի ռեժիմի քննարկումը կապված է բիոմետրիկ եւ անվտանգ անձնագրի հետ, դա սովորաբար կարեւոր պայման է լինում։ «Երկրորդ, կիբերանվտանգությունն է կարեւոր, այսինքն՝ մարդուն նույնականացնել, որը կիբերանվտանգ է։ Այսինքն՝ նաեւ անվտանգ լինի քաղաքացու համար, եւ քաղաքացին նույնականացվելիս որեւիցե պատասխանատվություն չկրի»,- ասաց Երիցյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031