Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր պրիմա պարուհին պարել է Մոնակոյում` նավի վրա

Օգոստոս 14,2012 15:09

Վերջերս Մոնակոյի իշխանավորները աշխարհում վաղուց ընդունված փակ մշակութային հանդիսությունների օրինակով Միջերկրական ծովում նավի վրա դիտել են համաշխարհային բալետային գրականության գլուխգործոցներից Ադանի «Ժիզելը», որտեղ համանուն գլխավոր դերապարով հանդես է եկել Ազգային օպերային թատրոնի պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանը: «Առավոտի» հետ զրույցում պարուհին ասաց, որ հանդիսատեսի կարգավիճակում են գտնվել նաեւ Մոնակոյի թագավորական ընտանիքի անդամներ: Հանդիսականները բնականաբար հայ պարուհուն ընդունել են աստղային փայլով՝ չիմանալով, որ նա Երեւանում, կենտրոնում վարձած իր բնակարանից ամեն օր թատրոն է գնում-գալիս ոտքով, երեւի թե խնայելու համար աշխատավարձը:

Մեր հետաքրքրությանն ի պատասխան, թե ինչպես հայտնվեց Մոնակոյում, Ժակլին Սարխոշյանը նախ նշեց, որ սա իր բեմական 22 տարիների ընթացքում առաջին անհատական հրավերն էր, հետո էլ ասաց, որ իրեն «հայտնաբերել» են You Tube-ում տեղադրված երեւանյան «Սպարտակից»: Մանրամասնեց նաեւ, որ իրեն ուղարկել են Ժ. Կորալլիի, Ժ. Պերրոյի եւ Մ. Պետիպայի խորեոգրաֆիայով «Ժիզելի» տեսագրությունը, ինքն էլ պատրաստել է դերապարը: Իսկ Մոնակոյում անցկացրել է ընդամենը 5 փորձ: Հարցին, թե ինչպե՞ս էր առաջին անգամ «պարում» ծովի վրա, պարուհին պատասխանեց. «Ներկայացման համար նավի վրա ստեղծել էին բոլոր անհրաժեշտ պայմանները՝ դեկորներ, հարդարման սենյակներ եւ, որ ամենակարեւորն է՝ հատակը շատ ավելի հարմար էր պարելու համար, քան որոշ թատրոններում է»: Հավելեց նաեւ, որ ներկայացմանը հիմնականում մասնակցել է Մոնտե Կառլոյի օպերային թատրոնի հանրահայտ  բալետային խումբն ու մենակատարները: Խնդրանքին՝ հայտնել որոշ հետաքրքրող մանրամասներ, պարուհին ասաց. «Ինչպես ընդունված է ասել՝ Մոնակոյի գաճաճ պետությունը անասելի արվեստասեր է: Մինչ այսօր խոսում էին անցյալ տարի Մոնակոյի թագավոր Ալբերտ Երկրորդի եւ Շարլին Ուիթսթոքիի ամուսնության առիթով Հերկուլես նավահանգստում կայացած ֆրանսիացի կոմպոզիտոր, էլեկտրոնային երաժշտության հիմնադիր Ժան Միշել Ժառի բացօթյա լուսալազերային վիթխարի համերգից: Ասում էին, որ փակ բազմաժանր մշակութային միջոցառումները թագավորական ընտանիքի ու իշխանավորների համար սովորական են դարձել, դրանք կազմակերպվում են ինչպես նավերի վրա, այնպես էլ պալատում եւ հետաքրքիր այլ վայրերում: Ժիզելի զգեստն էլ բերված էր Մոնտե Կառլոյի թատրոնից»: Ժակլին Սարխոշյանը հաստատեց այն միտքը, թե Ազգային օպերային թատրոնում «Ժիզելը» փաստորեն խաղացանկից հանված է՝ հնամաշ զգեստների պատճառով, ավելացնելով. «Երեւանում բեմադրված մոսկվաբնակ խորեոգրաֆ Մարկ Մնացականյանի «Ժիզելում» վերջին անգամ բեմ եմ բարձրացել շուրջ 2 տարի առաջ: Չեմ կարծում, թե մեր օրերում այդքան բարդ է հիանալի բեմադրության համար նոր զգեստների ստեղծման հարցը: Գուցե  գալիք թատերաշրջանում թատրոնի ղեկավարությունը զբաղվի ոչ միայն «Ժիզելի» խնդրով, այլեւ հաճախակի ներկայացնի «Գայանեն», «Սպարտակը», «Դոն Կիխոտը», «Կարմենը», մանավանդ հանդիսատեսը մշտապես հետաքրքրված է թվարկածս ներկայացումներով»:

Անդրադառնալով Մոնակոյի «Ժիզելին», կեսկատակ-կեսլուրջ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս Մոնակոն վարձահատույց եղավ Ժիզելին, մեր զրուցակիցը ժպտալով հայտնեց. «Եթե նման երկու հրավեր էլ ստանամ, ապա հնարավորություն կունենամ ոչ թե Երեւանում, այլ Եվրոպայում բնակարան գնել…»:

Ազգային օպերային թատրոնի այս թատերաշրջանի փակումից առաջ երիտասարդ խորեոգրաֆների ներկայացրած մինի բեմադրությունների թվում էր նաեւ Ժակլինի խորեոգրաֆիայիով Կ. Օրֆիի «Կարմինա Բուրանան»՝ պարուհի Մարիաննա Պողոսյանի մատուցմամբ: Դիտարկմանը՝ գուցե դա բեմը թողնելու եւ խորեոգրաֆիայով զբաղվելու հայտ էր, մեր զրուցակիցը նախ նշեց, որ Մարիաննան երգչուհի է, իսկ շուրջ մեկ տարի բալետի դասեր է ստանում իրենից, հետո էլ պատասխանեց. «Բեմից հեռանալ դեռեւս չեմ պատրաստվում: Ինչ վերաբերում է խորեոգրաֆի մասնագիտությանը, ապա դա պետք է լինի բնատուր: Իմ դեպքում, կուզեի ուսանել Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում՝ միայն դիպլոմ ստանալու համար, ինչը ինձ գուցե պետք գար հետագայում արտերկրում աշխատելու համար»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031