
«Առավոտի» ունեցած տեղեկություններով ՝ Ասյա Առաքելյանի ինքնաբացարկի պատճառը նրա նկատմամբ գործադրված ճնշումներն են: Ասում են, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւ մարզպետարանի այլ չինովնիկներ բավականին կոշտ զրույցներ են ունեցել տիկին Ասյայի հետ: Տեղացիների կարծիքով՝ Ասյա Առաքելյանը գործող քաղաքապետ եւ քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Գրիգորյանի համար բավականին լուրջ մրցակից էր: «Ցանկացած քաղաքական գործընթացների ժամանակ հազար ու մի խոսակցություններ են լինում: Ես մանկավարժ եմ եւ այդ խոսակցություններից հեռու մարդ: Չի եղել այդպիսի բան: Եվ դնելը եւ հանելը եղել է իմ որոշումը: Ես հետո խորը մտածեցի եւ հասկացա, որ այն ժամանակը, որը կարող էի օգտագործել, անցել է: 10 տարի առաջ լիներ, երեւի թե ավելի ճիշտ կլիներ,- ասաց մեր զրուցակիցը: Տեղում խոսակցություններ են շրջանառվում նաեւ, որ Ռոբերտ Գրիգորյանը բավականին կոշտ հեռախոսազրույցներ է ունեցել տիկին Ասյայի հետ, վիճաբանել է, հայհոյախառն արտահայտություններ է իրեն թույլ տվել: «Ինձ վրա ճնշումներ չեն եղել: Խնդրում եմ ձեզ, մի գնացեք այդ խոսակցությունների ետեւից»,- եղավ տիկնոջ պատասխանը: Հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով, երեք թեկնածուներից ո՞վ առավել շանսեր ունի հաղթելու: «Կհաղթի նա՝ ով արժանի է»,-ասաց մեր զրուցակիցը: Իսկ ո՞ւմ է ինքը նախապատվություն տալիս՝ պատասխանեց.«Գործող քաղաքապետին: Նա արդեն փորձ ունի, պետք է հնարավորություն տալ երկրորդ անգամ իրեն դրսեւորի: Նա տեղի բնակիչ է, արդեն գիտի քաղաքը, պետք է հնարավորություն տալ»:
Հիշեցնենք, որ գործող քաղաքապետից իր հարազատ կուսակցությունում այնքան էլ գոհ չեն: Ընդամենը 4500 ընտրող ունեցող քաղաքում խորհրդարանական ընտրություններում քաղաքապետի հարազատ կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, երրորդ տեղը զբաղեցրեց: Առաջին տեղում ԲՀԿ-ն էր, երկրորդում՝ «Ժառանգությունը»: Կարելի է ենթադրել, որ տեղացիներն էլ իրենց քաղաքապետից գոհ չեն, այլապես, գոնե նրա «խաթր» ՀՀԿ-ին ձայն կտային: Այստեղ այնքան էլ չեն հացրել կարոտել նաեւ նախկին քաղաքապետ, գեներալ Մանվելի եղբորը՝ Աշոտ Գրիգորյանին: Հետեւաբար՝ հետաքրքիր պայքար է լինելու:
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































