
Թե ինչո՞վ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարին չի բավարարում ՀՀ-ՌԴ ներկայիս ռազմավարական համագործակցությունը, ինչի արդյունքում առանց այդ էլ ՌԴ-ի ռազմական ներկայությունը մեր երկրում բավականին ծանրակշիռ է, եւ դա արդեն տալիս է իր մտահոգությունների պատասխանները, Թովմասյանը պարզաբանեց. «Անկախ նրանից, թե այսօր ինչպիսի վիճակ է հայ-ռուսական հարաբերություններում, մենք գտնում ենք, որ այդ դարավոր բարեկամությունը դեռ զարգանալու տեղ ունի, մանավանդ, երբ մենք շրջապատված ենք թշնամական երկրներով, եւ ամեն րոպե չի բացառվում սադրանքը Հայաստանի նկատմամբ: Հայաստանը հզոր է Ռուսաստանի հետ: Դա կլինի նաեւ Թուրքիայի այն հավակնոտ հայտարարության պատասխանը, որ եթե ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ պատերազմական գործողություններ զարգանան, իրենք կմիջամտեն, ՌԴ-ին էլ կստիպեն ետ քաշվել: Թող նման հույսեր չփայփայեն, ՌԴ-ն երբեք ձեռքերը չի լվանա: Այն պահից, երբ ռուսական դրոշի փայլից եւ ռուսական հզորությունից Հայաստանի թշնամիների աչքերը կկոցվում, էլ չեմ ասում՝ կուրանում են, Սովետական միության հիմնի ներքո, դա Հայաստանի հաջողությունն է: Հայաստանի վերջը կսկսվի այն պահին, երբ այդ ատրիբուտները չփողփողան Գյումրիում»:
Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է Ռուբեն Թովմասյանն այդքան ջերմեռանդորեն խոսում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասին, երբ անգամ իշխող ՀՀԿ-ականներն են բավականին զգուշավոր արտահայտվում: Մասնավորաբար, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը մեր թերթին տված հարցազրույցում նկատել էր, որ Հայաստանի համար Եվրասիական միությունն այլընտրանք չէ, որ ՀՀ-ն որդեգրել է եվրոպական զարգացման ուղղությունը եւ հավատարիմ է դրան: Ընկեր Թովմասյանը նկատեց. «Տեսնո՞ւմ եք, թե օր օրի ինչ իրավիճակ է Եվրոպական միությունում՝ Պորտուգալիա, Իսպանիա, Հունաստան…Ստեղծվել է մի վիճակ, երբ բոլոր պետությունները նստած են Գերմանիայի եւ Ֆրանսիայի ուսերին, եթե ոչ վզին: Այնպես որ՝ Եվրոպան մի հիանալի հեռանկար չունի ապագայում: Իսկ ինչ վերաբերում է որոշ մարդկանց, ովքեր իրենց ամբիոններից խոսում են ոչ հօգուտ Եվրասիական միության, ապա թող նայեն, թե Հայաստանն իր դարերով անցած ճանապարհով ի՞նչ է տվել պատմությանը, եւ ի՞նչ են տվել ԱՄՆ-ն ու Եվրոպան Հայաստանին: Այդ նույն Եվրոպան էր, որ Եղեռնի ժամանակ ասաց՝ մենք մեղք ունե՞նք, որ մեր նավերը ձեր լեռները չեն բարձրանում: Այդ ԱՄՆ-ն էր, որ ասում էր՝ ի՞նչ մեղք ունենք, որ հայի արյունն ավելի էժան է, քան Ադրբեջանի նավթը, ու հիմա էլ Եղեռնը չեն ճանաչում: Սրանք մոռանալ չի կարելի: Լուրջ եւ ճիշտ պետք է գնահատել ամեն ինչ»:
Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցում ՀՀ իշխանությունների զգուշավոր մոտեցմանը ընկեր Թովմասյանը չի անդրադառնում, միայն ասում է, որ հայ-ռուսական հարաբերությունների բարելավման ուղղությամբ ՀՀ իշխանությունները բավական հաջողությամբ են աշխատում. «Դրա ապացույցն էր նաեւ նախագահների վերջին հանդիպումը: Այն, որ արձակուրդի ժամանակ եղավ այդ հանդիպումը, դա նշանակում է, որ Հայաստանը կարեւոր նշանակություն ունի Ռուսաստանի համար ե՜ւ արտաքին, ե՜ւ ներքին քաղաքականության մասով, ե՜ւ քաղաքական, ե՜ւ տնտեսական: Այլապես՝ մի 15 օր հետո կհանդիպեին, ի՞նչ էր եղել»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































