
Aravot.am-ը դիմել էր ACP ընկերությանը` մեկնաբանության համար: Քիչ առաջ ստացել ենք ընկերության մեկնաբանությունը, որը ներկայացնում ենք ստորեւ.
Ի պատասխան Aravot.am կայքում 2012 թվականի oգոստոսի 24-ին տեղ գտած՝ « Մի Թեղուտի փոխարեն ներկայացրել են այլ Թեղուտի տվյալները. քրեական գործի հո՞տ է գալիս» վերնագրով հրապարակման վերաբերյալ մեկնաբանություններ ներկայացնելու Ձեր առաջարկին, հայտնում ենք, հետևյալը՝
Թեղուտի պղնձա-մոլիբդենային կոմբինատի աշխատանքային նախագծի 7-րդ՝ «Շրջակա միջավայրի պահպանություն» հատորի «Շրջակա միջավայրի հիմնական առանձնահատկությունները» բաժնում նախագծող կազմակերպության կողմից ներկայացվել են նախագծվող ձեռնարկության տեղանքում էկոլոգիական իրավիճակի գնահատման հիմնական ցուցանիշները, որտեղ, սակայն, տեխնիկական վրիպակի պատճառով վկայակոչվել է Իջևանի ֆլորիստիկ շրջանը:
Հարկ է նշել, որ թե՛ Լոռու մարզի, թե՛ Տավուշի մարզի Թեղուտ անվանումով գյուղերը և դրանց հարակից տարածքները դասվում են նույն՝ Ցիկումբորելյան ֆլորիստիկ շրջանի Կովկասյան ենթաշրջանին, ուստի նախագծում հիշատակվածն ընդամենը տեխնիկական վրիպակ է, որը նախագծող կազմակերպության կողմից պարզաբանվել և ուղղվել է հենց բնապահպանական փորձաքննության շրջանակներում անցկացված հասարակական լսումների ընթացքում:
Ցավում ենք, որ տեխնիկական վրիպակը որպես կեղծիք ու ակնհայտ դիտավորություն որակելու վերաբերյալ անպատասխանատու հայտարարությամբ հանդես է եկել պարոն Հ.Ալումյանի նման փորձառու փաստաբանը:
«Վալլեքս» խմբի ընկերությունների
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
.


















































