
Հանձնաժողովն անդրադարձավ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման նպատակահարմարությանը: Էլինար Վարդանյանի խոսքով` այս նախագիծը բավական կարեւոր է, միջազգային նորմերի պահանջ, եւ առաջին ընթերցումն անցնելուց հետո փաստաթղթի վերաբերյալ ստացվել են զգալի թվով առաջարկություններ: Քվեարկության արդյունքում հանձնաժողովը նպատակահարմար համարեց «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը, սակայն եկավ եզրակացության, որ այն հարկ է հետաձգել մինչեւ մեկ տարի ժամկետով, մինչեւ կառավարությունը ներկայացնի առաջարկությունների վերաբերյալ ամբողջական ամփոփաթերթը:
«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Հանձնաժողովը որոշեց նախքան եզրակացություն ներկայացնելը խորհրդարանական լսումներ անցկացնել ԱԺ երկրորդ նստաշրջանի ընթացքում:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն ի գիտություն ընդունեց «2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցը, որը ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն


















































