Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյանը՝ «լոլիկների» ակցիան քննադատողներին. «Գոնե եթե չեք կարողանում օգնել, նստեք տեղներդ ու մի խանգարեք»

Սեպտեմբեր 06,2012 16:17

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան վերադարձի և ներում շնորհելու փաստի կապակցությամբ կազմակերպված, այսպես կոչված, «լոլիկների» բողոքի ակցիան բազում քննադատությունների է արժանանում: Այն քննարկվում է նաև սոցցանցերում: Մասնավորապես, օրեր առաջ ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում կարծիք էր հայտնել. «Դիվանագիտական զինանոցում լոլիկ, կոշիկ շպրտեուց ու դրոշ այրելուց անդին ավելի լուրջ քայլեր կան»:

Aravot.am-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ զրույցում խնդրեց մեկնաբանել իրենց հասցեին հնչեցված քննադատությունները: Բոլոր քննադատողներին ի պատասխան՝ Կ. Ավագյանն ասաց հետևյալը. «Իսկ մինչ այժմ իրենք ի՞նչ ավելի լավ բան են արել»: ԱԺ պատգամավորը բոլոր այդ մարդկանց դիմում է. «Գոնե եթե չեք կարողանում օգնել, նստեք տեղներդ ու մի խանգարեք»:

Այնուհետև Կ. Ավագյանը շեշտեց. «Մեր կազմակերպությունը բազմիցս կոչ է արել, որ նման դեպքերում մենք հանդես գանք միասնական, համախմբված և մեր բողոքի ձայնը հնարավորինս ուժեղ ու բարձր հասցնենք համապատասխան այն տերություններին ու միջազգային կառույցներին, ումից ակնկալում ենք կոնկրետ պատասխան, կոնկրետ գործողություններ ու դիրքորոշումներ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մեր ծրագրերին ու ակցիաներին աջակցում են: Մենք պատրաստ ենք միանալ գործող, եղած, լինելիք բոլոր այն ակցիաներին, որոնք ավելի կուժեղացնեն մեր երիտասարդության կարծիքը և հնչեղ կդարձնեն երիտասարդության ձայնը»:

Քննադատողներին ի պատասխան՝ Կ. Ավագյանը նաև նշում է. «Մեր պատասխան ռեակցիան, որով կարելի էր միջազգային հանրության ուշադրությունը գրավել և մեր բողոքի ձայնը հնչեցնել, եղել էր այդ «լոլիկներով» ակցիան: Թե ով, ինչ մեկնաբանություն է տալիս և ինչ գնահատական, կներեք, բայց ինձ բացարձակ չի հետաքրքրում, քանի որ մենք մեր խնդիրը լուծել ենք, մենք կարողացել ենք այդ բողոքի ձայնը հնչեցնել, որն իրականում կազմակերպվեց ինֆորմացիայի հաղորդումից քառասուն րոպե անց: Միգուցե վա՞տ են զգում, որ արագ ենք արձագանքել և իրենք ոչ մի գործողություն չեն հասցրել իրականացնել: Ամեն դեպքում դա նրանց խնդիրն է»:

Հունգարիայի պետական դրոշն այրելու կապակցությամբ երեկ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակման մասին, թե դրոշը ՀՀԿ-ական երիտասարդներն են այրել, ԱԺ պատգամավորն ասաց. «Ես հավաստիացնում եմ, որ այդ օրը և ոչ մի դրոշ չի այրվել այդ ակցիայի ժամանակ: Մենք ինքներս կանխել ենք դրոշի այրումը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930