
Ըստ նրա, քարոզարշավը Գյումրիում թեև անցավ բավականին հանգիստ, սակայն նրա կարծիքով, թեկնածուները խախտեցին ի սկզբանե ձեռք բերած այն պայմանավորվածությունը, որ քաղաքակրթություն շրջանակներում են քարոզարշավն անցկացնելու` առանց միմյանց քննադատելու: Անդրանիկ Ավետիսյանը, ով այս ընթացքում հրաժարվել էր ցուցապաստառներից ու հեռուստատեսային ելույթներից, այն կարծիքին է, որ այսօր ընտրազանգվածին շռյալ խոստումներով ու ճոխ ցուցապաստառներով խաբել հնարավոր չէ: «Ես իմ խառնվածքին հարիր քարոզարշավ տարա, խոստումներ չտվեցի ու կարծում եմ, որ ցանկացած թեկնածուի հիմնաքարը ազնվությունը պետք է լինի: Այսօր 71 ավագանու ու 4 քաղաքապետի թեկնածու ունենք ու նրանց` հեռուսատեսությամբ պատվիրած ռոլիկները ճիշտ հակառակ ազդեցությունն են գործել քաղաքացիների վրա: Ես ուզեցի տարբերվել, դրա համար էլ ցուցապաստառ որևէ տեղ չփակցրեցի»: Ի դեպ, Անդրանիկ Ավետիսյանի կարծիքով, Գյումրու հիմնախնդիրները թվարկելուց զատ , թեկնածուներից դեռ ոչ մեկը Գյումրու զարգացման ծրագիր չի ներկայացրել:


















































