
Ցածր ակտիվությունից դժգոհ էին նաև ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահները: Օրինակ` Ջորջ Բայրոնի անվան դպրոցի տնօրեն Գրիգոր Հարությունյանը, որը 34/57 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահն էր, փաստում էր, թե ժամը 13.00-ի դրությամբ ընտրության են գնացել ընտրողների ընդամենը 10 տոկոսը, ընդ որում մեծամասամբ ծերերն էին իրենց քաղաքացիական պարտքը կատարել: Հետաքրքիրն այն է, որ այդ թաղամասից ավագանու 4 թեկնածուներ կային առաջադրված, սակայն այս փաստը ևս տներից չէր հանել ընտրողներին: «Միգուցե շտաբները լավ չեն աշխատել կամ երիտասարդները սպասողական վիճակո՞ւմ են , սպասում են օրվա երկրորդ կեսի՞ն», – կարծիք հայտնեց հանձնաժողովի նախագահը:
Ակտիվությունը չափազանց ցածր էր նաև թիվ 34/49 ընտրատարածքային ընտրատեղամասում:Այս փաստը հաստատեց նաև ընտրատեղամասի նախագահ Սամվել Ոսկանյանը` տեղեկացնելով, որ ընտրախախտման վերաբերյալ ոչ մի արտառոց դեպք չեն արձանագրել:Քաղաքապետի ՀՅԴ-ական թեկնածու Հովսեփ Սիմոնյանն էլ պասիվությունը բացատրեց այսպես. «Մենք էլ ենք նկատել ու գիտենք , երբ որ մարդիկ ինքնակամ են գնում, տանել-բերել չկա, երևի նաև սրա հետ է կապված:Հավանական է, որ ակնկալիք ունեն, թեև չեմ կարող պնդել, ուղղակի զգում եմ, որ մարդկանց մի զանգված կա, որ սպասում է ոնց որ թե: Բայց հուսախաբ պետք է լինեն, հաստատ չենք թողնելու, էս անգամ պիտի փորձենք լուրջ ընտրություններ կազմակերպել, դա կլինի 50 տոկոս մասնակցություն, 60, թե 70, ավարտից հետո կերևա: Էս քաղաքի փրկությունը միայն ընտրված քաղաքապետի մեջ է , նշանակված քաղաքապետը ի վիճակի չի լինի մթոլորտը փոխել»:




















































