Մարտի 26–29-ը Ստամբուլում տեղի ունեցավ International Union of Socialist Youth-ի (Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության) համագումարը։ Համագումարը կազմակերպության բարձրագույն ժողովն է, որը կայացնում է կարևորագույն որոշումներ, ընտրում է նոր ղեկավարություն, որոշում է կազմակերպության առաջիկա քաղաքականությունը՝ բանաձևերի և քաղաքական փաստաթղթերի ընդունման միջոցով։ Համագումարը հյուրընկալվել էր Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից։
ՀՅԴ Երիտասարդականը մասնակցեց համագումարին հետևյալ պատվիրակությամբ՝ Սյունե Գևորգյան (Հայաստան), Տաթև Տեր-Մարտիրոսյան (Հայաստան) և Քրիսթ Բրուտյան (Ֆրանսիա)։ Համագումարի ընթացքում պատվիրակությունը բարձրաձայնեց մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ Արցախի բնիկ հայ բնակչության վերադարձի իրավունքը, Բաքվում պահվող հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության հետընթացը, ընդդիմադիր ուժերի նկատմամբ հետապնդումները, այդ թվում՝ ՀԵՄ անդամների և նրա մայր կուսակցության՝ ՀՅԴ-ի ներկայացուցիչների նկատմամբ։
Պատվիրակությունը նաև երկկողմ հանդիպումներ ունեցավ Եվրոպայի, Հարավային Ամերիկայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի տարբեր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Կարդացեք նաև
Սակայն, Թուրքիայի կառավարության ճնշումների հետևանքով՝ մասնավորապես ընդդեմ ժողովրդահանրապետական կուսակցության, որը Թուրքիայի խորհրդարանում ամենախոշոր ընդդիմադիր ուժն է, անվտանգության միջոցառումների պատրվակով, ոստիկանությունը ներխուժեց համագումարի անցկացման վայր և թույլ չտվեց որևէ քաղաքական քննարկում կամ բանավեճ։ Արդյունքում համագումարը ընդհատվեց, և բոլոր բանաձևերի ընդունումը հետաձգվեց։
Կատարվեցին միայն ընտրությունները, որից հետո համագումարը փակվեց՝ առանց որևէ բանաձևի ընդունման կամ բովանդակային քաղաքական քննարկումների։
ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ



















































