
«Մենք մեծ սիրով ու խնամքով տիկին Անահիտի համար ընտրել ենք մի փոքրիկ անակնկալ, որն էլ կհանձնենք նրան սեպտեմբերի 14-ին՝ հանդիսավոր արարողության ընթացքում»,- այս մասին տեղեկացրեց «Տաթև» հիմնադրամի Մարքեթինգի բաժնի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը:
Նման աննախադեպ ակտիվությունը Տաթևի զբոսաշրջային գոտում զարկ է տվել տեղական ձեռներեցությանը: Ճոպանուղու կառուցումն ինքնանպատակ չէր: Այն «Տաթև» հիմնադրամի սոցիալական, ոչ կոմերցիոն, երկարաժամկետ ներդրումային ծրագրերից մեկն է, որոնց նպատակն է խթանել տարածաշրջանի շարունակական զարգացումը, նպաստել կայուն տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը: Բացի այն, որ ճոպանուղու աշխատակազմը համալրված է հիմնականում հարակից շահառու համայնքների և Գորիս քաղաքի բնակիչներով, նոր աշխատատեղեր են ստեղծվում նաև տեղի մանր և միջին ձեռնարկություններում: Տեղաբնակները նոր հյուրանոցներ և հյուրատներ են կառուցում՝ օրեցօր ավելացող այցելուների պահանջները բավարարելու համար: Միայն 2012թ.-ի ընթացքում Գորիսում և ճոպանողու հարակից տարածքներում բացվել է մոտ 12 հյուրանոց և հյուրատուն: Ծառայությունների մատուցման և սպասարկման ոլորտներում նկատվող մրցակցությունը նպաստել է սպասարկման որակի բարելավմանն ու բիզնեսի խթանմանը:


















































