
Հետազոտությունը տեղեկություններ է պարունակում հարավկովկասյան երկրների սոցիալական, քաղաքական եւ տնտեսական զարգացումների վերաբերյալ: Ի տարբերություն նախորդ տարիների` 2011թ. հավաքագրված տվյալները վերաբերում են ոչ միայն ժողովրդագրությանը, սոցիալական կապերին, կրթությանը, տնտեսական վիճակին, զբաղվածությանը, քաղաքական վարքագծին, վստահությանը հանրային ինստիտուտների նկատմամբ, այլ նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրին, փախստականներին եւ այլն:
Ըստ Մանասյանի՝ «Տարածաշրջանում առկա սոցիալ-տնտեսական ու քաղաքական հիմնախնդիրների թնջուկի համատեքստում դրական կարող է համարվել այն, որ կյանքից ընդհանուր բավարարվածության միջին մակարդակը Հայաստանում եւ Ադրբեջանում գնահատվել է 5.1 բալ՝ 10 բալանոց սանդղակի պայմաններում: Իսկ Վրաստանում արդյունքը 5.6 բալ է եղել: Երջանկության միջին մակարդակը Հայաստանում կազմել է 6.6 բալ,
Ադրբեջանում՝ 6.1, Վրաստանում՝ 6.9 բալ»:
Հավաքագրված արդյունքներից պարզվել է նաեւ, որ Հայաստանում՝ հարցվածները որպես ամենակարեւոր խնդիր առանձնացրել են գործազրկությունն ու աղքատությունը, Ադրբեջանում՝ առաջնահերթ տարածքային ամբողջականությունն է գերակա համարվել , ապա գործազրկությունը, Վրաստանում ՝ գործազրկությունն է առաջնային համարվել, հետո նոր տարածքային ամբողջականությունը:
Կարդացեք նաև
Հայաստանում եւ Ադրբեջանում հարցաշարի միջոցով բացահայտվել է նաեւ հանրության կարծիքը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղիների մասին. «Պատասխանելով հարցին, թե՝ երբ կլուծվի Լեռնային Ղարաբաղի խնդիրը, Հայաստանում «երբեք» կամ «չգիտեմ» են պատասխանել հարցվածների 62 տոկոսը, իսկ Ադրբեջանում՝ 44-ը: Միաժամանակ, Հայաստանում հարցվածների 62 տոկոսը «շատ հնարավոր» կամ «ավելի շուտ հնարավոր» է համարել խնդրի լուծումը խաղաղ ճանապարհով, Ադրբեջանում՝ 52 տոկոսն է այդ կարծիքը կիսել, շուրջ 42 տոկոսը խնդրի լուծումը հավանական է համարել միայն պատերազմի միջոցով»,- ավելացրեց Մանասյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































