Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԿԿ տվյալներով՝ հարցված ադրբեջանցիների 42 տոկոսը ղարաբաղյան խնդրի լուծումը տեսնում է պատերազմի միջոցով

Սեպտեմբեր 12,2012 14:33

Եվրասիա համագործակցության հիմնադրամի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) ծրագրի Հայաստանյան կենտրոնի տնօրեն Հեղինե Մանասյանը այսօր ներկայացրեց 2011թ. աշնանը Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի շուրջ 6000 տնային տնտեսություններում իրականացված Կովկասյան բարոմետրի՝ 2004 թվականից ի վեր միասնական մեթոդաբանությամբ միաժամանակ իրականացվող ամենամյա ընտրանքային հետազոտության արդյունքները:

Հետազոտությունը տեղեկություններ է պարունակում հարավկովկասյան երկրների սոցիալական, քաղաքական եւ տնտեսական զարգացումների վերաբերյալ: Ի տարբերություն նախորդ տարիների` 2011թ. հավաքագրված տվյալները վերաբերում են ոչ միայն ժողովրդագրությանը, սոցիալական կապերին, կրթությանը, տնտեսական վիճակին, զբաղվածությանը, քաղաքական վարքագծին, վստահությանը հանրային ինստիտուտների նկատմամբ, այլ նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրին, փախստականներին եւ այլն:

Ըստ Մանասյանի՝ «Տարածաշրջանում առկա սոցիալ-տնտեսական ու քաղաքական հիմնախնդիրների թնջուկի համատեքստում դրական կարող է համարվել այն, որ կյանքից ընդհանուր բավարարվածության միջին մակարդակը Հայաստանում եւ Ադրբեջանում գնահատվել է 5.1 բալ՝ 10 բալանոց սանդղակի պայմաններում: Իսկ Վրաստանում արդյունքը 5.6 բալ է եղել: Երջանկության միջին մակարդակը Հայաստանում կազմել է 6.6 բալ,
Ադրբեջանում՝ 6.1, Վրաստանում՝ 6.9 բալ»:

Հավաքագրված արդյունքներից պարզվել է նաեւ, որ Հայաստանում՝ հարցվածները որպես ամենակարեւոր խնդիր առանձնացրել են գործազրկությունն ու աղքատությունը, Ադրբեջանում՝ առաջնահերթ տարածքային ամբողջականությունն է գերակա համարվել , ապա գործազրկությունը, Վրաստանում ՝ գործազրկությունն է առաջնային համարվել, հետո նոր տարածքային ամբողջականությունը:

Հայաստանում եւ Ադրբեջանում հարցաշարի միջոցով բացահայտվել է նաեւ հանրության կարծիքը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղիների մասին. «Պատասխանելով հարցին, թե՝ երբ կլուծվի Լեռնային Ղարաբաղի խնդիրը, Հայաստանում «երբեք» կամ «չգիտեմ» են պատասխանել հարցվածների 62 տոկոսը, իսկ Ադրբեջանում՝ 44-ը: Միաժամանակ, Հայաստանում հարցվածների 62 տոկոսը «շատ հնարավոր» կամ «ավելի շուտ հնարավոր» է համարել խնդրի լուծումը խաղաղ ճանապարհով, Ադրբեջանում՝ 52 տոկոսն է այդ կարծիքը կիսել, շուրջ 42 տոկոսը խնդրի լուծումը հավանական է համարել միայն պատերազմի միջոցով»,- ավելացրեց Մանասյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930