Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության կողմից աշխատանքային օրերի տեղափոխությունը նաև «գլխացավանքի» պատճառ

Սեպտեմբեր 13,2012 17:54

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու այս տարվա վերջին տաղավար տոնը սեպտեմբերի 16-է, իսկ դա նշանակում է, որ սեպտեմբերի 17-ի երկուշաբթի օրը ոչ աշխատանքային է լինելու, իսկ դրա փոխարեն աշխատանքային է լինելու … «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, տաղավար տոներին հաջորդող աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է տեղափոխվել նախորդ կամ հաջորդ շաբաթ օրը, այսինքն, աշխատանքային պետք է համարվեր կամ սեպտեմբերի 15-ի, կամ սեպտեմբերի 22-ի շաբաթ օրը:

Սակայն, այս տաղավար տոնին հաջորդող աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխվել է սեպտեմբերի 29-ի շաբաթ օրը:

Կառավարության նման` վերոնշյալ օրենքի խախտումով ընդունված որոշումը ամենայն հավանականությամբ պայմանավորված է եղել աշխատող քաղաքացիներին լրացուցիչ` 3 անընդմեջ (սեպտեմբերի 21, 22 և 23) հանգստյան օր պարգևելու ցանկությամբ:

Եվ այս միտումը հաշվի առնելով, գուցեև, կարելի էր անտեսել գործադիր բարձրագույն մարմնի կողմից թույլ տված այդ «վրիպումը», եթե այն չստիպեր գործատուներին ևս գնալ ավելի մեծ խախտումների: Բանն այն է, որ աշխատողները` սեպտեմբերի 24-ից սեպտեմբերի 29-ի աշխատանքային շաբաթվա ընթացքում ստիպված կլինեն աշխատել  ոչ թե օրենքով թույլատրելի 40 այլ՝ 48 ժամ:

Օրենքով այդ 8 ժամը համարվում է արտաժամյա: Իսկ արտաժամյա աշխատանքը կարող է թույլատրվել միայն աշխատանքային օրենսգրքով սահմանված առանձին դեպքերում: Իսկ այդ դեպքերի մեջ, վստահեցնում ենք,  կառավարության որոշմամբ օրերի տեղափոխությունը  չի մտնում:

Սակայն, եթե նույնիսկ մի կողմ թողնենք այդ փաստը, ապա դեռևս ուժի մեջ է նույն օրենքի այն դրույթը, որի համաձայն գործատուն պարտավոր է արտաժամյա աշխատանքի համար աշխատողներին վճարել հավելում`  նրանց աշխատավարձի 50 տոկոսի  չափով…

 

Իսկ ի±նչ անեն վեցօրյա աշխատանքային շաբաթով աշխատողները

 

Ցավոք, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը չի հստակեցնում, թե երկուշաբթիի փոխարեն աշխատանքային օրը շաբաթ տեղափոխելը որքանով է տարածվում վեցօրյա աշխատանքային շաբաթով աշխատող կազմակերպությունների վրա:

Մի կողմից տրամաբանությունը հուշում է, որ «տեղափոխվում է» բառի առկայությունը խոսում է այն մասին, որ վերոնշյալ կազմակերպությունների վրա այդ որոշումները չպետք է  տարածվեն`  հակառակ դեպքում այդ օրերը ոչ թե կտեղափոխվեին, այլ պարզապես կկորեին:

Մյուս կողմից փաստը մնում է այն, որ վեցօրյա աշխատանքային շաբաթով աշխատողները չեն կարող օգտվել օրենսդրությամբ ընձեռնված հնարավորությունից և յուրաքանչյուր տաղավար տոնից հետո այցելել իրենց հարազատների շիրիմներին…

 

Իսկ ի±նչ անել, երբ աշխատանքային օրերը տեղափոխվում են անսպասելի

 

Մեր կառավարությանը աշխատանքային օրերը տեղափոխելու հնարավորություն է տալիս նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքը:

Եվ, եթե ազգային տաղավար տոների դեպքում աշխատանքային օրերի տեղափոխության մասին հայտնի է դառնում նախորդ տարվա դեկտեմբերից, ապա այս դեպքում կառավարությունը համապատասխան որոշումը ընդունում է տեղափոխվող օրերից մեկ կամ երկու շաբաթ առաջ: Այսպես. 2012թ. ապրիլի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը  ապրիլի 28-ի շաբաթ օրը տեղափոխելու մասին հայտնի դարձավ ապրիլի 19-ին, իսկ 2012թ. մարտի 9-ի աշխատանքային ուրբաթ օրը մարտի 24-ի շաբաթ օրը տեղափոխելու մասին` փետրվարի 23-ին:

Այժմ պատկերացրեք մի գործատուի, ով իր աշխատողին ամենամյա արձակուրդ է տրամադրում, ենթադրենք, մարտի 30-ից ապրիլի 27-ը ներառյալ: Այսինքն, ապրիլի 27-ի հաջորդ աշխատանքային օրը` ապրիլի 30-ին այդ աշխատողը պետք է ներկայանա աշխատանքի, բայց «հանկարծ» հայտնի է դառնում, որ ապրիլի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխվել է ապրիլի 28-ի շաբաթ օրը: Նման իրավիճակում գործատուն ստիպված պետք է լինի, նախ հրաման ընդունել աշխատողի` աշխատանքի ներկայանալու օրը փոխելու մասին, այնուհետև այդ աշխատողին ինչ որ կերպ գտնել և նրան պատշաճ իրազեկել այդ հրամանի մասին` հիշեցնենք, որ գործատուի ընդունած հրամանները ուժի մեջ են մտնում այդ մասին համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու պահից…

Հասկանալի է, որ դա միակ խնդիրը չէ, որին գործատուն և, առհասարակ, ցանացած քաղաքացին բախվում է, եթե նրանցից յուրաքանչյուրը աշխատանքային այդ օրերի հետ կապված իրենց համար կարևոր գործեր էին պլանավորել…

 

Իսկ ու±ր կորավ աշխատողի` տոնական օրվա նախօրյակին մեկ ժամ պակաս աշխատելու իրավունքը

 

Տոների և հիշատակի օրերի հետ կապված աշխատանքային օրերը տեղափոխելով, կառավարությունը ևս մեկ անակնկալ է մատուցում, այս անգամ տհաճ: Բանն այն է, որ նման որոշումը աշխատողներին զրկում է տոնական օրվա նախօրյակին մեկ ժամ պակաս աշխատելու` օրենսդրությամբ իրենց ընձեռնված իրավունքից:

Այսպես. սույն թվականի մայիսի 1-ին նախորդող` ապրիլի 30-ին աշխատանքային օրվա տևողությունը պետք է կրճատվեր 1 ժամով: Սակայն, ապրիլի 30-ը տեղափոխվել է ապրիլի 28-ի շաբաթ օրը: Իսկ արդեն ապրիլի 28-ին աշխատանքային օրվա տևողությունը 1 ժամով այլևս կրճատման ենթակա չէ, քանի որ այն անմիջապես չի նախորդում տոնական օրվան:

 

Այս բոլոր դժվարությունները կարող էին և չլինել, եթե օրենսդրության կիրառման հարցերում կառավարությունը իր  նախաձեռնություններում լիներ ավելի հեռատես`ժողովրդին ազատեր օրերի տեղափոխությունների հետ կապված ոչ միշտ հաճելի անակնկալներից և նման որոշումները ընդուներ ավելի վաղ` ասենք նախորդ տարվա օգոստոսին (ի վերջո օրացույցներում այդ օրերը նշելու խնդիրն էլ կա) և իհարկե լիներ ավելի օրինապաշտ` իր որոշումներով չխախտեր Հայաստանի Հանրապետության օրենքները, թեկուզև «բարի» նպատակներով:

 

«Իրավունքի իրազեկում» ՀԿ անդամ` Աննա Հարությունովա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930