
«Միջին հասակի, շատ թիկնեղ, լիքոտ մարմնական կազմվածքով, կարճ և շատ հաստ վզով, դիմացի մասը մի քիչ ճաղատ և միջինից մի քիչ երկար բակերով (այտմորուս )»,- Tert.am-ի հետ զրույցում այսպես նկարագրեց այդ անձի արտաքինը Տիգրան Եգորյանը:
Ըստ «Հարսնաքար»-ում ծեծի ենթարկված մյուս բժիշկների, այդ անձը դեպքի օրը մոտեցել է վերջիններիս և հարցրել, թե ո՞վ է հայհոյել: Երբ բժիշկները նրան բացատրել են, որ՝ «Եղբայր, մենք եկել ենք այստեղ ծնունդ նշելու և ի՞նչ հայհոյանքի մասին է խոսքը», անձը ճշտել է, թե կարո՞ղ է իրենց հեռացած ընկերն է եղել հայհոյողը (խոսքը սպորտային հագուստը փոխելու համար տուն գնացած Վահե Ավետյանի մասին է), բժիշկները պատասխանել են, որ նա գնացել է հագուստը փոխելու, եթե հայհոյած լիներ, չէր էլ վերադառնա, իրենք էլ նրան «Հարսնաքար»-ում չէին սպասի:
Սրանից հետո այդ անձը թողել-հեռացել է, սակայն, ըստ բժիշկների, այդ անձը դրսում որոշակի դերակատարություն է ունեցել, բայց թե ի՞նչ՝ այս պահին փաստաբանները չեն կարող արձանագրել:
Տուժողների շահերի ներկայացուցիչներին կոնկրետ անուններ և ազգանուններ հայտնի չեն: Գործում կցված ապացույցների թվում չկան նաև տեսաերիզներ: «Ի՞նչ տեսաերիզներ, նախաքննությունն իրականացնող մարմինը նույնիսկ չի էլ պարզել, թե որտե՞ղ են տեղադրված տեսախցիկները»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ նշելով, որ կոնկրետ այդ անձի մասով ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության բաժինը մերժել է փաստաբանների ներկայացրած մեղադրանքներն այն հիմքով, թե ինքնությունը չբացահայտած անձանց մասով քր. գործից անջատված մաս կա: Քննչական գլխավոր վարչությունից տեղեկացվել է նաև, որ այս անջատված մասով աշխատանքները կշարունակվեն, և կուսումնասիրվեն փաստաբանական հարցումներում ներառված տվյալները:


















































