
Հիմնական զեկուցողը` ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, տեղեկացրեց, որ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տրանսպորտային միջոցների պետական գրանցման եւ հաշվառման ընթացակարգը հնարավորինս պարզեցնելու, թափանցիկ դարձնելու, ինչպես նաեւ ոլորտում առկա խնդիրներին իրավական լուծում տալու եւ հակասությունները վերացնելու հանգամանքով:
Նախատեսվում է օրենքով սահմանել այնպիսի դրույթներ, որոնք թույլ կտան վերը նշված ոլորտի իրավախախտումները հայտնաբերել տեղեկատվական համակարգի միջոցով, այլ ոչ տրանսպորտային միջոցի պետական հաշվառման կամ գրանցման ժամանակ:
Արդյունքում, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կամ գրանցման ժամանակ ոչ թե իրականացվելու է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթ, այլ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում մերժվելու է հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունները: Իսկ նշված ոլորտում իրավախախտումները հայտնաբերվելու են տեղեկատվական համակարգի միջոցով, այլ ոչ հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից:
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, այնուհետեւ հանձնաժողովի անդամները, կարեւորելով ներկայացված փոփոխություններն ու լրացումները, առաջարկեցին մի շարք նոր փոփոխություններ ներառել նախագծերում` առավել դյուրացնելու եւ հստակեցնելու ոլորտի աշխատանքը, ինչպես նաեւ բացառելու խախտումների համար նախատեսված տուգանքների անհամաչափության ու անարդարության գործոնը:
Արթուր Օսիկյանը պատրաստակամություն հայտնեց առաջարկություններից մի քանիսը ներառել նախագծում մինչեւ լիագումար նիստը, իսկ տեղեկատվական համակարգի պայմաններում մեքենաների դիմապակու վրա ԱՊՊԱ կտրոնների փակցման աննպատակահարմարության առաջարկին անդրադառնալ փոքր-ինչ ավելի ուշ, երբ հարցը մանրակրկիտ քննարկվի ՀՀ կառավարությունում:
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը ներկայացրեց «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը:
Օրենքի նախագիծը նպատակ ունի կանխելու Հայաստանի Հանրապետությունում այն անձանց ապաստան ստանալը, ովքեր կարող են ՀՀ ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնել: Նախագծով առաջարկվում է ապաստան հայցողի` Հայաստանի Հանրապետության համար հնարավոր վտանգ ներկայացնելու վերաբերյալ ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի տված եզրակացությունը նախատեսել որպես ապաստանի տրամադրումը մերժելու պարտադիր հիմք: Բացի այդ` առաջարկվում է նաեւ, որ միգրացիայի հարցերով լիազոր մարմինն ապաստան հայցողի` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու եզրակացություն ստանալու համար բոլոր դեպքերում դիմի ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին` հնարավոր բացթողումները կանխելու համար:
Հանձնաժողովը քննարկված օրինագծերի վերաբերյալ տվեց դրական եզրակացություն` ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:


















































