
Դեռեւս ճիշտ չէ խոսել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները ամբողջովին դադարեցվել են, ասել է Մամեդովը։
«Դա չի նշանակում, թե ամեն ամիս պետք է անցկացվեն համանախագահների, արտգործնախարարների եւ նախագահների հանդիպումներ։ Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է Ֆրանսիայի արտգործնախարարի, է՛լ ավելի վաղ` համանախագահների հետ, նախագահ Իլհամ Ալիեւը` Եվրամիության տվյալ հարցով ներկայացուցչի հետ։ Կան նաեւ այլ հանդիպումներ, որ անցկացվում են այժմ», – նշել է ադրբեջանցի պաշտոնյան` հավելելով, թե «ուղղակի հայկական կողմն է, պարբերաբար առիթ գտնելով, ցանկանում բանակցային գործընթացի ձգձգում, դրա պասիվ շարունակում»։
«Բայց մի հարց պարզ է. թե՛ Հայաստանի ղեկավարությունը, թե՛ Հայաստանի ժողովուրդը պետք է հասկանան, որ հակամարտությունը վաղ թե ուշ պետք է արդարացի լուծում ստանա։ Այլ տարբերակ չկա։ Այսինքն` ադրբեջանական հողերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին, ինչը մենք անպայման կապահովենք։ Այլ կերպ չի էլ կարող լինել», – հայտարարել է Մամեդովը։
«Ազատություն» ռադիոկայան















































