Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. «ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ մրցակցությունը իսկական է»

Հոկտեմբեր 06,2012 10:37
Հատված Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ  Ալեքսանդր Իսկանդարյանի հետ հարցազրույցից:
-Ի վերջո՝ «Բարգավաճի» ուզածն ի՞նչ է. մի՞թե ամբողջ «կռիվը» իշխանական տորթից հնարավորինս մեծ կտոր «փախցնելու», մի քանի ավել պորտֆել ստանալու համար է։
-Քաղաքականությունը, քաղաքական պայքարը, այո, «մի քանի ավել պորտֆել ունենալու» համար է։ Այդ պորտֆելներից յուրաքանչյուրը իշխանության, ազդեցության լծակների որոշակի չափաբաժին է, որ քաղաքական դիվիդենտներ է բերում այն քաղաքական ուժին, որը տիրապետում է այդ լծակներին։
Պատկերացնենք այսպիսի իրավիճակ. Սերժ Սարգսյանը թեկնածու է առաջադրվել եւ հաղթել, բայց Ծառուկյանն էլ է դրել իր թեկնածությունը եւ ստացել լուրջ վստահության քվե՝ ընտրողների 40-45 տոկոսը քվեարկել է նրա օգտին։ Սա բավական լուրջ հայտ է՝ պետք է ինչ-որ կերպ բաժանել իշխանությունը։ Օրինակ, ձեւավորել ազգային համաձայնության կառավարություն, որտեղ պորտֆելների զգալի մասը կարող է զբաղեցնել Ծառուկյանի կուսակցությունը։ Այնպես որ, իզուր եք թերագնահատում «մի քանի ավել պորտֆել ստանալու» հնարավորությունը։
-Կարծում եք, Ծառուկյանի համար դա բավարա՞ր փաստարկ է «վա բանկ» գնալու, ունեցած ամբողջ տնտեսական եւ քաղաքական կապիտալը «խաղասեղանին» դնելու համար։
-Այդ հարցը ճիշտ կլիներ Ծառուկյանին տալ, բայց սկզբունքորեն՝ մեր նման երկրներում, որտեղ քաղաքականությունը եւ տնտեսությունը, մեղմ ասած, տարանջատված չեն իրարից, տնտեսական լծակները պահպանելու համար (խոսքը, իհարկե, մանր եւ միջին բիզնեսի մասին չէ) անհրաժեշտ են քաղաքական ազդեցության լուրջ գործիքներ։ Այս առումով պարոն Ծառուկյանը, իհարկե, հիմնավոր պատճառներ ունի՝ ընդլայնելու եւ ամրապնդելու իր տեղը քաղաքական վերնախավում։
-Ինչպես եք վերաբերվում այն տեսակետին, թե սա համաձայնեցված խաղ է՝ դավադրություն, որի նպատակն «իսկական ընդդիմությանը» չեզոքացնելն է եւ ընտրապայքարը իշխանություն-իշխանություն հարաբերությունների դաշտ տեղափոխելը։
-Համաձայն չեմ այդ տեսակետին։ Չեմ հավատում, թե այս ամենը պլանավորված սցենար է՝ ներկայացում, որտեղ բոլոր դերերը նախապես բաշխված են, ամեն մեկը գիտի իր անելիքը եւ գործում է իրեն վերապահված դերակատարության շրջանակում։ Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը նստել, հեռահար ծրագիր է մշակել խորհրդարանական ընտրություններում 7 տոկոս ստացած քաղաքական ուժին «չեզոքացնելու» համար։
ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ մրցակցությունը իսկական է, լուրջ պայքար է ընթանում իշխանության համար, եւ որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչով այդ ամենը կավարտվի։
-Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո շատերը սկսեցին զուգահեռներ անցկացնել մեր եւ վրացական իրականության միջեւ՝ ասելով, որ «Գագիկ Ծառուկյանը հայկական Իվանիշվիլին է»։ Այդ զուգահեռը տեղի՞ն է։
-Նախ, Իվանիշվիլին Ծառուկյանից մի կարգ՝ «մի զրոյով» ավելի հարուստ է։ Ես իհարկե, նրանց գրպանը չեմ մտել, բայց Ծառուկյանի դեպքում խոսքը մի քանի հարյուր միլիոնի, Իվանիշվիլու պարագայում խոսքը միլիարդի մասին է։
Երկրորդ՝ Իվանիշվիլին Վրաստանում ծախսում է իր փողերը, բայց այդ փողերն ուրիշ տեղ է աշխատում՝ Սահակաշվիլին դրանց հետ ոչինչ չի կարող անել։
Երրորդ՝ Վրաստանում բոլորովին այլ քաղաքական իրավիճակ է. այս ընտրություններից առաջ Վրաստանի խորհրդարանում ընդդիմություն, ընդդիմադիր մամուլ չկար։ Վրաստանի տնտեսական կառուցվածքը նմանապես խիստ տարբեր է Հայաստանից. այնտեղ, ըստ էության, մի օլիգարխ կա՝ դա Սահակաշվիլին է։ Նկատի չունեմ, որ անձամբ Սահակաշվիլին է օլիգարխ. ուզում եմ ասել, որ Վրաստանում բոլոր օլիգարխները ռեժիմի ուղիղ ենթակայության տակ են՝ Սահակաշվիլու հովանու ներքո։
Հայաստանում ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական դաշտը շատ ավելի բազմազան է։ Էլ չեմ ասում այն մասին, թե ընտրություննե՛րն այնտեղ ինչպես են անցկացվում։ Այս տեսակետից, Ծառուկյանի եւ Իվանիշվիլու միջեւ զուգահեռներ անցկացնելը, մեղմ ասած, արդարացված չէ։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031