
Այսօր Մատենադարանում սեմինարի բացմանը նվիրված հանդիպման ժամանակ սեմինարի կազմակերպիչ Արա Խզմալյանը հայտնեց, որ ծրագիրը կազմակերպվել է հայ գրատպության 500-ամյակի եւ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառումների շրջանակում. «Գաղտնիք չէ, որ Մատենադարանն ունի միջազգային կարգավիճակ, բայց սեմինարի շնորհիվ այն գործնական բովանդակություն է ստանում: Վերջին տարիներին տարբեր հիմնադրամների տրամադրած դրամաշնորհների արդյունքում Մատենադարանը ձեռք է բերել ձեռագրերի վերականգնման համար նախատեսված սարքեր, բացի այդ` մասնագետների վերապատրաստումը հնարավոր է արդեն այստեղ: Ձեռագրի կյանքը երկարացնելը նույնքան բարդ է, որքան մարդկային ծերության դեմ պայքարելը»:
Խզմալյանի խոսքով` ՅՈՒՆԵՍԿՕ/ԻԿՕՄ-ի` «Կանխարգելիչ կոնսերվացումը` թանգարանային հավաքածուների պահպանման հիմնական գործոն. ձեռագիր հավաքածուներ» թեմայով տարածաշրջանային թեմատիկ վարժանքը փայլուն առիթ է` փորձագետների փորձի փոխանակման եւ Մատենադարանի հնարավորությունները գնահատելու համար. «Երբ ասում ենք, որ Մատենադարանը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, համեստացնում ենք մեր կարգավիճակը, քանի որ մեր պայմանները չունեն եվրոպական մի շարք երկրներ: Այսօր մենք հարթակ ենք հանդիսանում աշխարհի առաջատար մասնագետների համար»: Պարոն Խզմալյանը հավելեց, որ կնիքների վերականգնման մասնագետների պատրաստման խնդիրը որոշակիորեն լուծելու համար Լիտվայից եւ Ֆրանսիայից հրավիրվել են մասնագետներ` հայ փորձագետների շրջանում վարպետության դասեր անցկացնելու նպատակով:
Նշենք, որ վերոհիշյալ ծրագրերի շրջանակում նախատեսված դասախոսությունները եւ կլոր սեղանները վարելու են ԱՊՀ, Բալթյան եւ եվրոպական այլ երկրների թանգարանային, գրադարանային, արխիվային առաջատար հաստատությունների, վերականգնողական կենտրոնների հեղինակավոր մասնագետները: Արծարծվելու են ձեռագիր եւ տպագիր ժառանգության պահպանման հիմնական ոլորտների արդի խնդիրները եւ դրանց լուծման եղանակները:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































