Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը գուցե չե՞ն դիմում կոմպոզիտորին

Հոկտեմբեր 10,2012 14:39

Իսկ ավստրիացի գալարափողահար Ռադովան Վլադկովիչը  նախաձեռնություն է ցուցաբերում

Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում հայաստանյան մշակութային կյանքում  յուրօրինակ համերգ է. նվագախմբի հետ որպես մենանվագ գործիք հանդես կգա ավստրիացի գալարափողահար Ռադովան Վլադկովիչը: 2000թ.-ից Մադրիդի Conservatorio Reine Sofia-ի ամբիոնի վարիչ, Ցյուրիխի Musikhochschulle-ում պրոֆեսոր երաժիշտը, իր խոսքերով՝ սիրով է մասնակցում 6-րդ Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնին: Իբրեւ մենակատար նա հանդես է եկել հեղինակավոր սիմֆոնիկ նվագախմբերի, ինչպես նաեւ կամերային անսամբլների կազմերում: Կամերային երաժշտության ջատագով Վլադկովիչը մասնակցել է հեղինակավոր փառատոների եւ աշխատակցել հանրահայտ Գիդոն Կրեմերի, Անդրեաս Շիֆի, ինչպես եւ համերգների հրավիրվել Զալցբուրգի, Վիեննայի, Էդինբուրգի, Դուբրովնիկի եւ այլ հանրահայտ փառատոների:

Այսօր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան) ընկերակցությամբ Ռադովան Վլադկովիչը կկատարի  Մոցարտի գալարափողի կոնցերտը:

«Առավոտի» հետ զրույցում դիտարկմանը, թե նույնիսկ 21-րդ դարում  աշխարհը չունի փողային գործիքների լայն մենանվագ երկացանկ, մեր զրուցակիցը համաձայնեց,  ապա նշեց, թե գալարափողը պատկանում է պղնձյա եւ փայտյա փողայինների ընտանիքին. «Ժամանակին գալարափողի համար մեծակտավ գործեր են գրել Շտրաուսը, Մոցարտը, Հայդնը, բարոկկո ժամանակաշրջանում՝ Վեբերը, մի խոսքով՝ գալարափողը 16-րդ դարի վերջին եւ 19-ի սկզբին երեւացող գործիք էր: Հետո այն մտավ սիմֆոնիկ նվագախմբի ընտանիք, իսկ 20-րդ դարում  վերածնունդ ապրեց, ինչը ոգեւորեց անգլիացի կոմպոզիտորներ Դենիս Բրեյնին, Հինդեմիտին, Բրիտենին…»: Մտահոգությանը, թե, համենայնդեպս, մեր օրերում  սակավաթիվ են հատուկ գալարափողի համար գրված  մեծակտավ երկերը, Վլադկովիչն ասաց. «Վերջին տարիներին հռչակավոր կոմպոզիտորներ Լիգետինը, Պենդերեցկին եւ մյուսները անդրադարձան գալարափողին՝ ստեղծագործելով հիանալի երկեր»: Դիտարկմանը, թե գուցե գալարափողահարը ի՞նքը դիմի կոմպոզիտորին՝ խնդրելով ստեղծագործել  այս գործիքի համար, Վլադկովիչը պատասխանեց. «Ժամանակին Մոցարտը ստեղծագործում էր գալարափողի համար՝ նկատի ունենալով իր մտերիմ  ընկերոջը՝ գալարափողահար Լայթգեբեին, Շտրաուսը՝ իր հորը, եւ այսպես շարունակ… 2008-ին էլ հռչակավոր Պենդերեցկին «Որսորդի երազը»  մենանվագ-երգը նվիրեց ինձ, որի առաջին կատարումը իրականացրի վերջերս, Իսպանիայում…»:

Դատելով անվանի գալարափողահարի խոսքերից՝ կարող ենք վստահորեն ասել, որ մեր երաժիշտներն էլ պիտի «կառչեն» մերօրյա կոմպոզիտորներից, որպեսզի ոչ թե հարստանա, այլ գոնե ուշադրության կենտրոնում լինեն 18-րդ դարավերջի, 19-րդի սկզբին ուշադրության արժանացած փողային գործիքները, այդ թվում՝ գալարափողը: Ի դեպ,  Պենդերեցկին գալարափողի համար մենանվագ երկը 2008-ին նվիրել է Ռադովան Վլադկովիչին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031