Լրահոս
Օրվա լրահոսը

Դուրս գալ կայարանից… եւ ժամանել «Կայարան»

Հոկտեմբեր 10,2012 14:45

Հայ արձակագիրների «Կայարան» ակումբը թողարկել է իր հանդեսի անդրանիկ համարը

Ակումբի եւ համանուն հանդեսի հիմնադիրները, ինչպես իրենք են նշում, մտադիր են «լուռ ու համբերատար պաշտպան լինել կորսվող գրական բարձր չափանիշներին»: Իհարկե, այստեղ հարց է ծագում, թե արդյոք գրականությունը եւ գրական երկերը կարո՞ղ են լուռ լինել:

«Կայարան» հանդեսը բաղկացած է երեք բաժնից՝ գեղարվեստական արձակ, էսսե եւ թարգմանություն:

Սկսենք վերջինից, քանի որ, ըստ մեզ, այն հարուստ է եւ ընդգրկուն: Այն բացում է աշխարհահռչակ սերբ գրող Միլոռադ Պավիչի «Գրել հանուն հո՞ր, հանուն որդո՞ւ, թե՞ հանուն եղբայրության ոգու» էսսեն (թարգմ.՝ Աննա Ալեքսանյան): Գեղարվեստական նվաճում ենք համարում թարգմանչուհու ջանասիրաբար, ճաշակով եւ նման խրթին ոճի տեր գրողի տեքստի փոխադրումը այլ լեզվով: Խնդրի ծավալով եւ դժվարությամբ Պավիչի տեքստին չի զիջում Վառլամ Շալամովի «Կոլմյան պատմվածքներից» Ներսես Աթաբեկյանի թարգմանությունը՝ հարուստ բառապաշարով, հնարամտությամբ եւ ժողովրդախոսակցական ոճի համարժեքներով, որը նաեւ վերարտադրում է հեղինակի հնչերանգը՝ ողբերգության մասին հանգիստ առօրեական տոնով խոսելու հմտությունը: Ողջունելի են մեր դարավոր հարեւան Իրանի գրողների թարգմանությունները:

Ամենակարեւոր՝ գեղարվեստական արձակի բաժինը հագեցած է եւ ներկայանալի. այն աչքի է ընկնում հեղինակների բնական սերնդափոխությամբ՝ ավագների փոքր-ինչ հոգեմաշ փսիխոլոգիզմ, միջին սերնդի անմիջականություն եւ գեղարվեստական որոնում, ամենաերիտասարդ հեղինակի՝ վրացահայ գրող Անրի Գրիգորյանի, փորձարարություն:

Հերոսության ծարավով է տոգորված Կարո Վարդանյանի «Շեյթան» պատմվածքը: Սուսաննա Հարությունյանը՝ կարճ պատմվածքի ճանաչված վարպետը, այս անգամ ներկայանում է մեկ այլ լույսի ներքո՝ «Մեկ այլ արեւի տակ» ամառային, թեթեւ, երգիծական սկերցոյով: Նկատելի երեւույթ է այս բաժնի միակ վիպակը՝ Նելլի Շահնազարյանի «Վայրի աշխարհը». այն միաժամանակ քնարական ու ողբերգական է եւ առանց ծանրաշունչ քարոզչության համոզում է՝ աշխարհը դեռ վայրենի է, ավելին՝ անհույս վայրենի:

Մեր գրականությանը վայել չէ բարձր կարգի էսսե չունենալը. միայն անցյալ դարում ունեցել ենք ինտելեկտուալիզմով եւ վեհ անհանգստությամբ հագեցած Սիլվա Կապուտիկյանի եւ Հրանտ Մաթեւոսյանի՝ ավանդույթ ստեղծող էսսեները: «Կայարան» հանդեսում էսսեի բաժինը բազմաժանր է. այն ներկայացնում են 19-րդ դարի դանիացի, գուցեեւ ամենաիռացիոնալ փիլիսոփա Ֆյորեն Կիերկեգորին մեկնելու անշնորհակալ գործը ստանձնած Մանասեն, գրական-երաժշտական ոգով գրված Վարդան Ֆերեշեթյանի երկու գործերը եւ Հեմինգուեյի հետքերով՝ Փարիզը իբրեւ շարունակվող տոն ըմբոշխնող Վահրամ Մարտիրոսյանը:

Հանդեսի անդրանիկ համարը զերծ չէ տեխնիկական բացթողումներից. նախ՝ քիչ չեն վրիպակները, եւ ապա՝ թարգմանության բաժնում խիստ անհրաժեշտ են հանրագիտարանային տեղեկություններ օտար հեղինակների մասին:

Հուսանք, որ «Կայարան» ակումբի գործունեությունը նոր դռներ, նոր ելքեր կբացի՝ ի տես մեր արձակի զարգացման, տարբեր մշակույթների հաղորդակցության խորացման եւ, մասնավորապես, երիտասարդ ընթերցողի կերպընկալման ընդլայնման, ինչո՛ւ չէ, նաեւ հմուտ ընթերցողի հայացքների թարմացման:

ՆԱՏԱԼՅԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031