
Բանախոսը խոսելով Հայաստանում անցկացված զորավարժությունների մասին, չկիսեց քաղաքագետների հնչեցրած այն տեսակետը, որ Ադրբեջանին պետք չէր ցույց տալ, թե ինչի է ընդունակ հայկական բանակը: Ջամալյանի կարծիքով, այժմ ռազմական գաղտնիություն ապահովել հնարավոր չէ, իհարկե, կան բացառիկ հարցեր, որոնք պարտադիր է գաղտնի պահել. «Ադրբեջանի ղեկավարությանը վաղուց հայտնի է մեր բանակի պոտենցյալը: Կարծում եմ, այն, որ պատերազմ վերսկսելու առումով նախապատրաստական աշխատանքներ Ադրբեջանը չի իրականացնում, դա նշանակում է, որ նա լավ տեղյակ է, թե ինչի է ընդունակ մեր բանակը: Իսկ մեր մարտունակությունը ակներեւ է եւ որպեսզի ադրբեջանական հասարակությունը դուրս գա ռազմամոլության անուրջներից, սթափվի, ապա պետք է հակընդեմ ուժ»:
Ջամալյանը անդրադառնալով սպառազինություններին, նշեց ձեռքբերումներ, որոնք անխոս կզսպեն թշնամուն, մասնավորապես՝ հակատանկային կամ հրետանային լայն զինատեսակները, հակաօդային պաշտպանության զինատեսակները և այլն. «Շատ կարեւոր է տեխնոլոգիական պայքարը։ Ադրբեջանական անօդաչու սարքերը պարբերաբար մտել են Արցախի շրջան, բայց դա արդեն անցյալում է: Նշեմ, որ հայկական ռազմական արդյունաբերությունն ունի ինտելեկտուալ դիմագիծ: Խորհրդային տարիներին էլեկտրոնային արդյունաբերության բազմաթիվ հիմնարկություններ կային եւ մեզ հաջողվել է ինչ-որ բաներ պահպանել ու դրանց բազայի հիման վրա ստեղծել սարքավորումներ: Իհարկե, հավանաբար այստեղ սերտ կապ կա ռուսական ռազմարդյունաբերական համալիրի հետ, բայց մեր ռազմարդյունաբերական համալիրը առաջին քայլերն է անում, եւ եթե մենք արդեն հաջողություններ ունենք այս ոլորտում, ինչպես որ նշում էր նախարարը, մենք նաեւ տեխնոլոգիական պայքարում չենք զիջում»,- հավելեց Ջամալյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































