ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի՝ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում այն դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանին մարտահրավեր նետելու ունակ են երկու ուժեր՝ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն՝ ասաց. «Տեղ են ման գալիս»: Մեր դիտարկմանը, որ ՀՅԴ-ի, «Ժառանգության» դերն այստեղ անտեսվել է, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «ՀՅԴ-ի դերը մշտական կա քաղաքական դաշտում: Անկախ նրանից՝ քանի պատգամավոր կունենա խորհրդարանում, համենայնդեպս, ՀՅԴ-ի դերակատարումը կա, որովհետեւ ազգային հենքով կուսակցություն է եւ ընդհանրապես տարբերակվում է քաղաքական դաշտից»:
Մեր հարցին՝ ՀԱԿ-ը չունի՞ իր տեղն այսօր քաղաքական դաշտում, որ տեղ են ման գալիս, նա պատասխանեց. «ՀԱԿ-ը չի ման գալիս՝ Լեւոն Զուրաբյանն է ման գալիս»: Մենք ճշտեցինք՝ նկատի ունեք այն հակասությու՞նը, որ կա Լեւոն Զուրաբյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, Գալուստ Գրիգորիչը հաստատեց. «Իհարկե»: Հարցին՝ այսինքն, ընդունո՞ւմ եք, որ այդ երկու պատգամավորների ուղղվածությունների, դիրքորոշումների միջեւ անհամապատասխանություն կա, նա պատասխանեց. «Խնդիրը, խոսքը գնում էր ԲՀԿ-ի մասով: Ես կարծում եմ՝ ՀԱԿ-ն էլ է ընդհանրապես տեղ ման գալիս ԲՀԿ-ում, բայց չեմ կարծում, որ քաղաքական նման ուժը միանգամից այդպես փոքրերին տեղ տա»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: