
Նրա խոսքով. «Երջանիկ եւ կայացած է այն երկիրը, որի բնակչությունը չի հիշում անգամ վարչապետի անուն-ազգանունը: Դա նշանակում է, որ քաղաքական գործընթացները նորմալ հունով են ընթանում: Իսկ մեզանում ամեն ինչ չափից դուրս քաղաքականացված է: Անգամ վախենում են ինտերնետ մտնել եւ տեսնել ԲՀԿ-ՀՀԿ, «ՀՀՀ-ՄՄՄ» եւ այլն: Արդեն հոգնել եմ դրանից, էլ չի հետաքրքրում այդ ամենը»:
Ռեժիսորն ասաց, որ նաեւ հոգնել է ընտրություն կատարել վատի եւ վատագույնի միջեւ, ուզում է ընտրել լավը կամ լավագույնը. «Որեւէ թեկնածուի մոտ չեմ տեսնում տնտեսական պլատֆորմ, որ ընտրություն կատարեմ: Օրինակ, Ռոմնիի եւ Օբամայի բանավեճն ընթանում է տնտեսական դաշտի շուրջ, իսկ արտաքին քաղաքականության վերաբերյալ նրանք գրեթե համակարծիք են: Սաստիկ զայրանում եմ, երբ ասում են, որ մեր առջեւ այլընտրանք չկա: Եթե շախմատի օլիմպիադայում հաղթած ազգն այլընտրանք չունի, ինչի մասին է խոսքը…Սա արհեստական պրոցես է, որը սկսվել է դեռեւս մեր նախկին նախագահների օրոք եւ մտադիր է փչացնել բոլոր հավանական թեկնածուներին, բերել մի «բոբոյի», որի կողքին ում դնես` կսրբանա: Դա հեշտ տեխնոլոգիա է: Իսկ ինչ վերաբերում է պառլամենտական ընտրություններին, մինչ օրս չեմ կարողանում մոռանալ ընտրակաշառքները»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































