
Նա հարց ուղղեց. «ՀՀ իշխանությունն ընդունո՞ւմ է իր ձախողումը հայ-թուրքական հայտնի ֆուտբոլային դիվանագիտության ասպարեզում, ընդունո՞ւմ է, որ ի վերջո իրականացան բոլոր այն գնահատականները, որ հայ -թուրքական արձանագրություններն ի վերջո վիժեցնելու են Ցեղասպանության միջազգային ճանաչումը: Ֆուտբոլային դիվանագիտությունից ի վեր ցեղասպանությունը ճանաչել է միայն Շվեդիան: Վաղը ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են: Չեմ հիշում ընտրութուններ, որի ժամանակ Հայոց ցեղասպանության հարցը ընդհանրապես քննարկման թեմա չդառնա: Սա ցույց է տալիս, թե ինչի հասավ ՀՀ իշխանությունը հայտնի ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում»:
Նախարարը պատասխանեց. «Սխալ եք, երբ ասում եք, որ երկրի ներսում այլ երկրներին էկզոտիկ են հայտարարում, դա պետք է արտգործնախարարությանը չհետաքրքրի, որովհետեւ փակում եք այդ երկրի հետ համագործակցության դռներն ու պատուհանները: Ոչ թե օգոստոսին էր, որ ՀՀ իշխանությունը քայլեր էր ձեռնարկում, քայլեր էր ձեռնարկում շարունակ: Այստեղ պետք չի շահարկել եւ պիտակներ կախել: Պիտակներ կարելի է կախել տարբեր բաների, շատ ավելի էֆեկտիվ կլինի դա, վստահ եմ: Ինչ վերաբերում է ֆուտբոլային դիվանագիտությանը՝ առաջին անգամ իր պատմության մեջ Հայաստանը խոսեց Թուրքիայի հետ՝ իբրեւ հավասարը հավասարի: Չկա երկիր, որն իր աջակցությունը չհայտներ՝ ՀՀ կողմից ձեռնարկված քայլերի մասին: ԱՄՆ-ն անգամ, ոչ միայն ԱՄՆ, ՌԴ-ն, Եվրամիությունը, այլ երկրներ, հայտարարեցին այն, ինչ հայտարարեցին՝ որ Հայաստանը անցել է իր ճանապարհը, Թուրքիան պետք է անցնի: Որ գնդակը գտնվում է իրենց դաշտում: Մենք պետք է մտածենք առաջին հերթին մեր երկրի շահերի մասին, ոչ թե անձնական ինչ-որ բաներ ստանալու»:
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց՝ «Բոցաշունչ ճառ արտասանեցիք, բայց հարցերիս չպատասխանեցիք՝ ցեղասպանության հետ կապված, ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ կապված: Ձեզ թվում է՝ շահարկում բառը որ օտագործում եք, դրանից ավելի տպավորի՞չ է դառնում ձեր խոսքը: Եթե այստեղ շահարկող կա, դա դուք եք: Ես որեւէ բան չեմ շահարկում՝ ընդամենը փաստերն եմ արձանագրում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































