
Մեր հարցին՝ արդյոք համամի՞տ են այդ կարծիքին, և պատգամավորի գնահատմամբ՝ քաղաքական զարգացումների այս պահին նման հայտարարություն անելն ի՞նչ ենթատեքստ ուներ, Կ. Ավագյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ դա տեսակետ է, որը հնչեցվել է: Մենք կսպասենք, տեսնենք՝ ինչ զարգացումներն են նկատվում այլ քաղաքական միավորների մոտ, ինչպիսի քննարկումներ են տեղի ունենում: Քաղաքական կոնսուլտացիաների առումով ՀՀԿ-ն երբեք խնդիրներ չունի, ինչպես միշտ, պատրաստ ենք մատուցել որակյալ քաղաքական կոնսուլտացիաներ: Նկատենք, որ այդ համատեքստում շատ խոսվեց կուսակցությունների դերի բարձրացման մասին ևս: Եթե մինչ այժմ առկա է կուսակցությունների դերի բարձրացման խնդիրը, ապա դա նախևառաջ տվյալ կուսակցության չնայած լուրջ, բայց ներքին խնդիր է։ Իսկ կուսակցությունների ներքին խնդիրները չպետք է լուծել երկրի կառավարման մոդելների փոփոխման միջոցով»:
Իսկ թե ի՞նչ համատեքստ է տեսնում տարածված հայտարարության լուսանցքներում, պարոն Ավագյանը, առանձնապես հայտարարությանը կարեւորություն չտալով, նկատեց. «Ամեն դեպքում այս պահին, ինչպես հասկացա, դա նրանց մոտ ցանկության դաշտում է: Մեկ պատգամավոր դա հնչեցրել է, և երևի այս անգամ էլ՝ որպես անձնական կարծիք: Նույն ԲՀԿ-ն էլ, իմ կարծիքով, հարցն այնքան էլ չի կարևորել, հակառակ դեպքում կխոսեին ԲՀԿ-ի «գերագույն շուրթերը»` Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































