
Ֆինանսների ավելացմանը զուգահեռ, փաստորեն շատ կարեւոր է դրանց արդարացված եւ հասցեագրված բաշխումը: Ու դրա համար կարեւոր փորձաքննության մասին օրենքի ընդունումը առաջնահերթ է, այն քննարկվել է բոլոր մակարդակներով` ակադեմիայում, գիտպետկոմում, Հայաստանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ, բազմաթիվ կուսակցությունների ներկայացուցիչների հետ եւ բազմիցս, եւ այսօր արդեն այդ մեխանիզմի դեմ առարկություններ չկան: Այսինքն` բոլորի համար պարզ է` ֆինանսները պետք է բաշխել մրցակցային ձեւով եւ փորձաքննությամբ, որը պիտի իրականացվի անկախ փորձագետների միջոցով: Անգամ Հայաստանի նախագահը երկու անգամ հրահանգ է տվել այդ օրենքի ընդունումն արագացնել, այնուհանդերձ` ոչինչ չի արվել, որովհետեւ նմանատիպ փորձաքննության պարագայում շատ մարդիկ կտուժեն, ովքեր օգտվում են այդ կերակրամանից, համենայնդեպս այդպես է կարծում Ա. Իշխանյանը. «Փաստացի գիտությունն ունի երեք հարց` ֆինանսները որտեղի՞ց վերցնել, որքա՞ն վերցնել եւ ինչպե՞ս բաշխել: Որտեղից. կոչ ենք անում բոլոր գերատեսչություններին` փնտրել ներքին ռեսուրսներ` երկու եղանակով ավելացնելու գիտության ֆինանսավորումը` ոչ ուղիղ ծախսերից ոչ ուղիղ մասնահանումներ կատարել, օրինակ` ռազմարդյունաբերական համալիրին ավելի մեծ հատկացումներ արվեն բանակին հատկացված միջոցներից` հենց գիտատար հենքի վրա, այսինքն` ոչ ուղղակի մասնահանման մի օրինակը ռազմաաարդյունաբերական համալիրին զարկ տալն է: Մյուս օրինակը` սպորտի եւ երիտասարդության գործունեության մեջ ընդհանրապես բացակայում է գիտնական բառը, չնայած այնտեղ ամենաինտելեկտուալ երիտասարդների մի մասն են: Այս նախարարությունն իր ֆինանսների մի մասը կարող է ուղղել գիտական ուղի. գիտաժողովների կազմակերպում, մրցանակների սահմանում, գիտահետազոտական խմբերի ֆինանսավորում, այսինքն` ֆինանսներն ուղղեք կրկին երիտասարդներին, բայց այս ուղղությամբ: Իմ պնդումն այն է, որ բոլոր գերատեսչություններում կան ներքին ռեսուրսներ, որոնք կամքի դեպքում կարող են ուղղվել այս ուղղությամբ: Ես բերեմ ինչ- որ տեղ շատ մասնավոր օրինակ` Ազգային ժողովը: Կա ԱԺ նախագահի ֆոնդ, որը չգիտես ինչու այսքան տարիներ չի ծախսվել գիտության ոլորտում որեւէ մրցանակի համար, երբ սա ամենաընդունված պրակտիկան է. Աժ նախագահը կարող է սահմանել այս կամ այն ոլորտում մրցանակներ: Ես առաջարկում եմ, որ նա սահմանի մի շարք մրցանակներ, մասնավորապես Հակոբ Չամիչյանի անվան մրցանակ (իտալացի սենատոր եւ գիտնական Լուիջի Ջակոմո Չամիչյան): Մի խոսքով` իմ պնդումն այսպիսին է` բոլոր գերատեսչությունները կարող են անել մասհանումներ, որովհետեւ գիտությունը հայտարարված է գերակա, իսկ այդ գերատեսչությունները գերակա չեն:Եթե երկրի ապագան կապում ենք գիտության հետ` դա պետք է անել»:
Ուղիղ մասհանման մի օրինակ էլ բերեց` օրինակ Երեւան քաղաքի սուբվենցիան 6,6 մլրդ դրամ է բյուջեով հատկացված, որից 3,3 միլիարդ դրամը նախատեսված է ասֆալտի ճաքալցման, մայթեզրերի քարերի փոխման համար. «Ես կարծում եմ` երկիրը մեկ տարի կարող է դա չանել գոնե մասամբ, քանի որ սա, նուրբ արտահայտվեմ, ֆինանսների ոչ արդյունավետ օգտագործման աղբյուր է: Իսկ գիտության մեջ որակական փոփոխություն մտցնելու համար անհրաժեշտ է 1,3 մլրդ դրամ` ահա աղբյուրը»:
«Ազգ»


















































