
Բոլոր կողմերի տեսակետներն ու առաջարկությունները ուսումնասիրելով և ամփոփելով՝ Օմբուդսմենը ներկայացրել է ‹‹Խղճի և կրոնական ազատությունների մասին›› ՀՀ օրենքի նախագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ տասնյակ առաջարկություններ:
Այսպես, առաջարկներից մեկն է ‹‹հոգևորսություն›› հասկացությանը տալ հստակ իրավական սահմանում։ Առաջին հերթին պարզաբանել «հոգեբանական բռնություն» հասկացությունը և դրա համար պատասխանատվության ենթարկելու հիմքերը։ Պարզաբանման կարիք ունի նաև օրենքի նախագծում տեղ գտած «սոցիալական առավելություն» հասկացությունը, որը հաճախ օգտագործվում է անձին որևէ հավատքի հետևորդ դարձնելու նպատակով և չպետք է նույնացվի կամ շփոթեցվի բարեգործության հետ։
Մեկ այլ խնդիր է երեխայի կրոնական դաստիարակությունը։ Չնայած նրան, որ օրենքի նախագիծը թույլ է տալիս ծնողին իր համոզմունքներից ելնելով կրոնական դաստիարակություն տալ երեխային, միևնույն ժամանակ այն չի կարգավորում այն դեպքերը, երբ ծնողներից յուրաքանչյուրը տարբեր կրոնական ուղղությունների հետևորդներ են և համաձայնության չեն գալիս երեխայի կրոնական դաստիարակության հարցում։
Կարդացեք նաև
Կրոնական կազմակերպությունների արտերկրից ֆինանսավորումը նույնպես խնդրահարույց է։ Եթե օրենքի նախագիծը արգելում է կրոնական կազմակերպությունների ֆինանսավորումը օտարերկրյա պետություններից, ապա արդյո՞ք Հայաստանում բնակվող որոշ ազգային փոքրամասնությունների եկեղեցիների ֆինանսավորումը, օրինակ՝ Ռուս Ուղղափառ եկեղեցին, նույնպես պետք է կարգավորվի տվյալ նախագծով։
Այս և օրենքի նախագծի վերաբերյալ Օմբուդսմենի այլ առաջարկություններին և դիտողությունների մանրամասներին կարելի է ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի կայքէջում ՝ https://pashtpan.am/library/view_news/article/830
Պաշտպանի աշխատակազմ


















































