
Ինչպես Aravot.am-ին փոխանցեց Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը` վթարի վայրից նորաբաց հիվանդանոց տեղափոխվել էին 24 հոգի, որոնցից 6-ը հետազոտվելուց, բժշկական համապատասխան օգնություն ստանալուց հետո ուղևորվել են տուն: Ըստ հիվանդանոցի գործադիր տնօրենի, նրանց վիճակն այնպիսին է, որ կարող են հետագայում ամբուլատոր բուժօգնություն ստանալ: Այս պահին հիվանդանոցում պառկած են 17 հոգի, առավել ծանր է երկուսի վիճակը: Նրանցից մեկը Խաչատուր Մկրտչյանն է, ով ստացել է գանգուղեղային տրավմա, գլխի ու ականջի պատռվածքներ, մյուսը` Մարգարիտ Մարտիկյանը, ով գտնվում է շոգի մեջ , ստացել է երկու վերջույթների կոտրվածքներ: Մի քանիսի` Մարինե Իսկանդարյանի, Քրիստինե Խաչատրյանի, Վարուժան Ավագյանի, Նազելի Պետրոսյանի ու Հրաչ Մալխասյանի վիճակը, բժիշկների գնահատմամբ, միջին ծանրության է: Մնացածը ավելի թեթև վերքեր ու կոտրվածքներ են ստացել: Հիշեցնենք, որ այդ ավտոբուսով Թուրքիա առևտրի ուղևորվողների ասելով, ավտոբուսի շուռ գալու պատճառը եղել է վազանցը : Վրացական պետհամարանիշով ավտոբուսի վարորդը փորձել է առաջ անցնել Երեւան-Գյումրի-Ստամբուլ ուղղությունը սպասարկող թուրքական պետհամարանիշով նմանատիպ մեկ այլ ավտոբուսից , որի հետևանքով էլ շրջվել է դեպի դաշտը: Կատարվում է հետաքննություն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները` «Ասպարեզ» ակումբի:




















































