Լրահոս
Օրվա լրահոսը

Իշեմիկ կաթվածի դեպքում Լոռու բնակիչները կվիրահատվեն Գյումրի ԲԿ-ում․ բացառիկ համագործակցություն՝ կյանքեր փրկող պետական թանկ ծրագրի շուրջ

Փետրվար 22,2024 19:30

Առողջապահության նախարարի որոշմամբ «Գյումրի բժշկական կենտրոնի» անձնակազմն այսուհետ գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբէկտոմիա (թրոմբի հեռացում) վիրահատությունները կիրականացնի նաև Լոռու մարզի բնակիչների համար։

Կյանքեր փրկող այս ծրագիրը իրագործվում է նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների միջոցով, ներառում բուժման ժամանակակից մեթոդներ, որոնք թույլ են տալիս իջեցնել մահացությունը և հաշմանդամությունը՝ 2-3 անգամ։

Շիրակի մարզն առաջինն էր, որտեղ դեռ երկու տարի առաջ ներդրվեց կարևորագույն այս ծրագիրը՝ պետպատվերի սահմաններում, այստեղ զգալի արդյունքներ են արձանագրվել․ ծրագրի սկզբնավորումից մինչև այսօր 132 բուժառու օգտվել է ժամանակակից այս բուժումից։

Առողջապահության նախարարությունն էլ որոշել է ծրագիրն ընդլայնել ու մարզերի բնակչության համար էլ ավելի հասանելի դարձնել, այդ նպատակով պետպատվերի շրջանակում այն ներդրել է նաև «Վանաձորի բժշկական կենտրոնում», սակայն բուժումը պետք է իրականացվի «Գյումրի բժշկական կենտրոնի» կաթվածի թիմի փորձառու մասնագետների օգնությամբ ու հսկողությամբ։

Ինչպես տեղեկանում ենք Առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրությունից․ «Գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշմամբ պացիենտներին «Վանաձորի բժշկական կենտրոնում» կիրականացվի ներերակային թրոմբոլիտիկ թերապիա` «Գյումրու բժշկական կենտրոնի» կաթվածի թիմի մասնագետների ցուցումով՝ կիրառելով «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգում գործող հեռաբժշկության բաղադրիչը, որից հետո` հետագա բուժօգնության կազմակերպման նպատակով, պացիենտը կտեղափոխվի «Գյումրու բժշկական կենտրոն»:

Առողջապահության նախարարությունը նաև տեղեկացնում է, որ 2023 թվականին շուրջ 770 բուժառու օգտվել է այս ծրագրից, այն գործում է Երևանի 4 բժշկական կենտրոններում, ինչպես նաև` Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոններում։

«Գյումրի բժշկական կենտրոնի» տնօրեն Արմեն Իսահակյանն այս համագործակցությունը համարում է բացառիկ, մեծ ձեռքբերում։ Ըստ նրա, ծրագիրը նախևառաջ կարևոր է այն առումով, որ նույն Լոռու մարզից շատ հիվանդներ են տեղափոխվում Երևան, սակայն ժամանակի կորստի պատճառով երբեմն անհնար է լինում փրկել նրանց կյանքը։

Բանն այն է, որ բժիշկն այս հիվանդության դեպքում սահմանափակ ժամանակ ունի․ թրոմբոլիտիկ բուժումը հնարավոր է իրականացնել ինսուլտի նշանները սկսելուց ոչ ուշ, քան 4,5 ժամվա ընթացքում, վիրահատության անհրաժեշտության դեպքում հիմնականում մինչև 8 ժամվա ընթացքում։

Երբեմն լինում են դեպքեր, որ ժամանակի սղության պատճառով մարդը մահանում է։

Aravot.am-ի հետ զրույցում Արմեն Իսահակյանն ասաց, որ Առողջապահության նախարարի հրամանով երկու մարզերի պետական բուժկենտրոններ՝ Գյումրիինը և Վանաձորինը համատեղ կիրականացնեն ծրագիրը՝ «Գյումրի ԲԿ-ի» նյարդաբանության և կաթվածի բաժանմունքի հիման վրա։

«Պետությունը ֆինանսավորում է «Վանաձորի բժշկական կենտրոնի» բոլոր մասնագետներին, որոնք աշխատելու են այս ծրագրով՝ մեր հսկողության ներքո, թրոմբոլիտիկ թերապիան կատարվելու է տեղում՝ Վանաձորում, այնուհետ հիվանդը հետագա բուժման նպատակով տեղափոխվելու է «Գյումրի բժշկական կենտրոն»։

Սա աննախադեպ է, մեծ հաջողություն է ու պայմանավորված է մեր՝ STROKE սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրով ցույց տված արդյունքով։

Գիտեք, որ սկզբում այս ծրագիրն իրագործվում էր միայն երևանյան երկու կլինիկաներում, հետո ներդրվեց մեր մոտ։ Մեր աշխատանքը բարձր է գնահատվել և հնարավորությունը տրվել է։

Սա կատարվեց նաև ի պատիվ մեր բաժնի վարիչի՝ նյարդաբան, նեյրոինտերվենցիոն վիրաբույժ Ժորա Բաղդասարյանի, նա կարողացավ լավ համագործակցել Վանաձորի և Սպիտակի շտապօգնության բժիշկների հետ, և շնորհիվ դրա՝ բազմաթիվ հիվանդներ ստացան լավագույն բուժումը «Գյումրի բժշկական կենտրոնում»։

Մենք մարդկանց չպիտի կորցնենք ինսուլտի պատճառով, այլ պիտի փրկենք։

Իհարկե, հեշտ չի լինելու մեզ համար, արդյունքը միանգամից չի երևալու, ինսուլտի բուժումը երկար է տևելու, բայց մահացությունը և հաշմանդամությունը նվազեցնում ենք 2-3 անգամ։

Չենք կարող մարդկանց կորցնել այս փոքրիկ ազգաբնակչություն ունեցող երկրում, ես դա համարում եմ անթույլատրելի, իսկ տարիներ շարունակ կորցրել ենք։ Առավել ևս Լոռու մարզի հեռավոր համայնքներից հնարավոր չէ կաթվածով հիվանդին ժամանակի առումով երևանյան կլինիկաներ հասցնել ու օգնություն ցուցաբերել։

Մենք այդ ծածկույթը կապահովենք, մինչև որ «Վանաձորի բժշկական կենտրոնը» համալրվի բժիշկներով և սարքավորումներով, որոնք թույլ կտան այդ տարածքում ինքնուրույն կազմակերպել բուժօգնությունն ու բուժումը։ Այս պահին կարվի մեր բազայի հիման վրա, հիվանդները կտեղափոխվեն Գյումրի բժշկական կենտրոն»,-ասաց Արմեն Իսահակյանը։

«Գյումրի բժշկական կենտրոնն» այս նպատակով էլի ավելի է հզորացնում իր տեխնիկական հնարավորությունները, փոխըմբռնման հուշագրի շրջանակներում կտեղադրվի բոլորովին նոր, գերժամանակակից Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) սարքավորում ու համակարգչային տոմոգրաֆ։

«Գյումրի բժշկական կենտրոնի» տնօրենը բարձր է գնահատում այս հարցում «Վանաձորի բժշկական կենտրոնի» տնօրեն Վահագն Մկրտչյանի ջանքերը, որը, մտահոգ լինելով իր ազգաբնակչության առողջությամբ, շահագրգիռ է եղել այս ծրագրի իրագործմանը:

Առողջապահության փոխնախարար Արմեն Գասպարյանի համակարգմամբ՝ տեղի և արտասահմանյան մասնագետներից բաղկացած կաթվածի խորհուրդը (ներառում է Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Կանադան ու Հայաստանը) երաշխավորել է, որ «Գյումրի բժշկական կենտրոնը» սպասարկի նաև Լոռու մարզի բնակիչներին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829