Լրահոս
Օրվա լրահոսը

1 մլրդ դրամ Հ1-ին՝ պետական բյուջեի հաշվին

Նոյեմբեր 13,2012 17:39

Այսօր «Ուրբաթ» ակումբում ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ներկայացրեց Հ1 հանրային հեռուստաալիքի գովազդային ծավալների եւ զետեղման օրինականության մոնիթորինգի 2011 եւ 2012 թվականների մի քանի ամիսների համեմատական վերլուծությունները, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներին ներկայացված իրադրության բարեփոխման առաջարկությունները` մասնավորաբար հանրային հեռուստաընկերության առեւտրային գովազդի իրավունքը սահմանափակելու գաղափարն ու հիմնավորումները:

Բարսեղյանի տեղեկացմամբ, Հայաստանի 2013 թվականի բյուջեի նախագծում եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում հոկտեմբերի 31-ին փոփոխության առաջարկություն է ուղարկվել Ազգային ժողովի էլեկտրոնային հասցեներ ունեցող 74 պատգամավորների: Նպատակը՝ Հ1-ին պետական բյուջեից 1 մլրդ դրամ հատկացնելն ու նույն հեռուստաընկերության հաղորդումները առեւտրային գովազդից օրենքով ազատելն է:

Aravot.am-ի հարցին, պատգամավորներից քանի՞սն են արձագանքել նամակին, Բարսեղյանը նշեց. «Արձագանքել են 2 հոգի՝ Լեւոն Զուրաբյանը, որին բացատրեցի այս ամենը՝ առաջարկելով հանրային լսումներ կազմակերպել, եւ Թեւան Պողոսյանը, որի հետ հանդիպել խոսել եմ: Նաիրա Զոհրաբյանից էլ միայն էլեկտրոնային նամակ եկավ, որ շնորհակալություն ձեր նամակը ստացել եմ. գուցե դա ավտոմատ պատասխան էր, չգիտեմ: Ի դեպ նամակ ուղարկեցի նաեւ Նիկոլ Փաշինյանի էլեկտրոնային հասցեին, որը Ազգային ժողովի կայքում չկար»:

Բարսեղյանը, որը մանրամասն ուսումնասիրության է ենթարկել Հ1-ի գովազդային ծավալները, արձանագրելով դրանց խախտումները՝ համոզված է, որ իր առաջարկած փոփոխությունների շնորհիվ Ազգային ժողովը էական քայլ կկատարի Հ1-ն առավել հանրայնացնելու ուղղությամբ. «Պետական բյուջեից տրվելիք 1 մլրդ դրամի եւ գովազդից ազատվելու շնորհիվ հնարավոր կլինի հեռուստաժամանակը օգտագործել հանրային նպատակով՝ կրթական, մշակութային, ազգային փոքրամասնությունների համար նախատեսված եւ այլ հաղորդումների համար: Հ1-ի կոմերցիոն չլինելը, կարծում եմ չի վնասի իր հանրային առաքելության իրականացմանը եւ կնպաստի հարկատուների հաշվին մասնավոր ընկերությունների գերշահույթների կուտակման բացառմանը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930