Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում այսօր հանրային մեղադրողը միջնորդեց դատարանում հարցաքննել մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։
Ըստ մեղադրողի՝ իր ներկայացրած վկաների հարցաքննությունը կարող է էական նշանակություն ունենալ դատարանի համար՝ գործով վերդիկտ կայացնելիս։
Մեղադրողը միջնորդեց հարցաքննության հրավիրել 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Թորոսյանին, այդ ժամանակահատվածում արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Դանիելյանին, ԱԺ պատգամավորներ Լարիսա Ալավերդյանին և Անահիտ Բախշյանին, ինչպես նաև այդ ժամանակահատվածում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին։ Ապացույցների ծավալի ներկայացման ընթացքում հանրային մեղադրողը ներկայացրեց նաև այլ նախկին պաշտոնյաների անուններ, այդ թվում նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի անունը:
Կարդացեք նաև
Գործով պաշտպաններից Միհրան Պողոսյանը հետաքրքրվեց՝ ԱԺ ներկայիս նախագահ Ռուբեն Ռուբինյանի հոր՝ Կարապետ Ռուբինյանի անունը ինչու բաց թողեց, ի պատասխան հանրային մեղադրողը հստակեցրեց, որ արդեն տվել է նրա անունը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը և մյուսները անցնում են «Մարտի 1»-ի գործով՝ վերաբացված վարույթի և դատարանում հաստատված նոր մեղադրանքների շրջանակում: Ի դեպ, այս նոր հոդվածով արդեն անցել են վաղեմության ժամկետները. սա նշանակում է, որ եթե անգամ դատարանը մեղավոր ճանաչի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, նրանք չեն ազատազրկվի։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































