
Արամ Սարգսյանմը նաեւ ասաց, որ չի հիշում որեւէ մի դեպք, երբ Ռոբերտ Քոչարյանը դեմ լիներ մեծամասնական ընտրակարգին. «Եթե խոսվում է ԲՀԿ-ի կամ Ռոբերտ Քոչարյանի կողմից ֆեոդալների մասին, ուրեմն թող իրենց աչքի գերա՛նը տեսնեն: Ա’յ, երբ որ Գյումրիում հայտարարվում է, որ մարդիկ 100 դոլար չունենալով՝ մտան քաղաքականության մեջ, իմ աչքի առաջ միանգամից գալիս է Ռոբերտ Քոչարյանը: Ու եթե Գագիկ Ծառուկյանը նրան նկատի ուներ, տեսնելուց ասելու եմ՝ թխի թող գա, որովհետեւ այդ մարդը 2003-ի նախագահական ընտրություններում իր հայտարարագրմամբ ամենաաղքատ նախագահի թեկնածուն էր, այսօր Հայաստանի ամենահարուստ մարդն է՝ բոլոր տեղեկատվական ոլորտի, հանքարդյունաբերութան եւ այլնի սեփականատերն է, ինչը այս երկրում զարգանալու հնարավորություն կամ նյութական արժեքներ բերելու հնարավորություն ունի: Ու այս մարդիկ դեռ իրենց իրավունք են վերապահում խորհուրդներ տան: Ընդհանրապես այն կուսակցությունները, ովքեր փողով քվե են գնել, ովքեր հայ մարդու ընտրելու իրավունքը փողով են գնահատել՝ թքել են էդ մարդու հոգու, խղճի վրա: Այդ մարդիկ ժողովրդի անունից խոսելու, ժողովրդի առաջ ելույթ ունենալու ու մեծ-մեծ խոսելու իրավունք չունեն»:
Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունն ուղղված էր հերքելու ԲՀԿ-ի հետ իր կապի մասին: Արամ Սարգսյանի դիտարկմամբ՝ «Ես Ռոբերտ Քոչարյանից էլի հայտարարություններ եմ լսել, որտեղ ինքը ափսոսանք է հայտնել: Մասնավորապես, ափսոսում էր, որ Սիլվա Կապուտիկյանը կին է, թե չէ կասեր… Կամ Պողոս Պողոսյանին ասում էր՝ այ, եթե կենդանի լիներ՝ կասեի: Այստեղ իր ափսոսանքը ուրիշ ափսոսանք էր: Այստեղ պաշտոնի կարոտած մարդու ափսոսանք էր: Ակնհայտ էր, ու երեւի կյանքումս առաջին անգամ խղճացի այդ մարդուն, որ այդքան պաշտոնն է սիրում: Այստեղ ինքը խնդիր ուներ: Ինքը հավանաբար աշխարհաքաղաքական իր սիրած կենտրոններում տեսել է ինչ է կատարվում, տեսել է, որ ինքը էլ հնարավորություն չունի ու այսօր Սերժ Սարգսյանին առաջարկում է,ասում է՝ ինչու ես ուզում բանակցել Գագիկ Ծառուկլյանի հետ, բանակցի իմ հետ, մեծամասնականով սրա կողմնակիցն եմ, բայց տես, կառավարման մեխանիզմի համակարգման առումով ես էլ խորհրդարանականի կողմնակիցը չեմ եղել ու այդ հարցում կարող եմ քեզ օգնել: Այսինքն, այդ մարդը փորձում է իր տեղը գտնել ԲՀԿ-ում, Սերժ Սարգսյանի մոտ, ամեն տեղ, որտեղ իրեն կլսեն: Իմ տպավորությունը՝ այն նախկին միակ տղամարդ Ռոբերտ Քոչարյանի տպավորությունը չէր: Ավելի շատ վախեցած, իր տեղը ման եկող մարդու տպավորություն էր: Բայց որ կապ ունեն ԲՀԿ-ն ու ինքը՝ ես այդ թեման բազմաթիվ անգամներ եմ ասել: Ես երբեք իմ խնդիրը չեմ համարել հասարակությանը համոզել, որ այդ կապը չկա: Ես չեմ հասկանում, թե ինչի է փորձ արվում հասարակությանը համոզել, որ կապ չկա: Դա Ռոբերտ Քոչարյանի եւ ԲՀԿ-ի խնդիրն է, երբ որ մի 3-րդ կողմն է դա անում, ես դա չեմ հասկանում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև


















































